Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտո Բաջոն գնահատել է թիմի շանսերը` աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Նա նշել է, որ Իտալիայի ընտրանին աչքի է ընկնում որակյալ կազմով և կարող է հաջողության հասնել:
«Եթե խոսենք Իտալիայի հավաքականի մասին, ապա այն շատ որակյալ կազմ ունի: Պրանդելին հիանալի աշխատանք է կատարում: Կարծում եմ` թիմը լավ արդյունքների կհասնի «Մունդիալ-2014»-ին: Բացի այդ, անպայման բացահայտումներ կլինեն: Իհարկե, որոշ ֆուտբոլիստներ արդեն ցուցադրել են իրենց լավագույն խաղային որակները, սակայն ոչ բոլորի համար է եկել իրենց աստեղային ժամը:
Եթե խոսենք Բալոտելիի մասին, ապա կարծում եմ, որ Իտալիայի ընտրանու կազմում նա ավելի լավ ելույթ կունենա, քան ես: Մարիո մեծ ներուժ ունի: Նա նույնիսկ չգիտի, թե որքան տաղանդավոր է և պարզապես պետք է գիտակցի, թե ինչի է ընդունակ: Ռոսին և Ինսինյեն ևս երկու գերազանց ֆուտբոլիստներ են: Մանավանադ ուրախ եմ Ջուզեպեի համար, քանի որ նա կարողացավ վերադառնալ ծանր վնասվածքից և երկարատև բուժումից հետո: Նրա պատմությունն ինձ իմն է հիշեցնում»,- Football Italia-ն մեջբերում է Բաջոյի խոսքերը:









































