Բոլորն են հասկանում, որ Հայաստանում և Հայաստանի շուրջ ինչ-որ մի լուրջ գործընթաց է սկսվել, որի ընթացքում իսկապես հեռանկարային և ռազմավարական խնդիրներ են լուծվում, սակայն ոչ բոլորի համար է հասկանալի ու տեսանելի, թե արդյո՞ք այդ խնդիրները կապ ունեն պետության շահի, հասարակությանը հուզող հարցերի հետ: Գործընթացի կողմերը պահանջում կամ հորդորում են, կամ խնդրում, որ հասարակությունը հարգանքով ու պատկառանքով, պատշաճ լրջությամբ վերաբերվի գործընթացին, քանի որ այն չափազանց կարևոր հանգրվան է Հայաստանի կյանքում: Հասարակությունն ինքն էլ է թերևս դա ցանկանում:
Բանն այն է, որ խորհրդային հասարակարգից հետո, երբ քաղաքականություն ասված ոլորտը գոյություն չուներ, հասարակություն, ունենալով հանդերձ դրա ներքին հսկայական պահանջարկը, անկախության 20 տարիների ընթացքում կարծես թե այդպես էլ չդարձավ այդ ոլորտի ձևավորման ականատեսը: Այնպես որ հանրությանը պետք չէ համոզել կամ հորդորել, որ պատշաճ լրջությամբ վերաբերվի ներքաղաքական գործընթացին: Մարդիկ ուզում են այդպես վերաբերվել, պարզապես դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձության պարագայում: Այսինքն՝ քաղաքականությունն իր հերթին պետք է մարդկանց լուրջ վերաբերվի: Քաղաքականությունն էլ, այսինքն՝ դրանով զբաղվող սուբյեկտները, պետք է հասարակության հանդեպ պատշաճ հարգանք և պատկառանք ցուցաբերեն, համարժեք վերաբերմունք ակնկալելու կամ դրան արժանանալու համար:
Իսկ ո՞րն է քաղաքականության հարգանքը մարդկանց, հասարակության հանդեպ: Դա միայն գեղեցիկ, ոճական և բովանդակային նրբագեղությամբ հագեցած խոսքերը չեն, քանի որ այդ առումով կարծես թե կամաց-կամաց վերանում է ընդդիմություն-իշխանություն տարբերությունը:
Ի՞նչ է պետք հայ հանրության զգալի հատվածին: Անկասկած, ժողովուրդը սովորական խոսքերից ավելի ուզում է տեսնել գործնական արդյունքներ, ընդ որում՝ ուզում է տեսնել հնարավորինս արագ: Մյուս կողմից, հասկանալի է, որ Հայաստանում առկա վիճակի որակական փոփոխությունը ժամանակ է պահանջում: Բայց ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն էլ այն է, որ Հայաստանում այլևս ժամանակ չկա, երկիրը դատարկվում է մարդկանցից թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Հայաստանն այլևս պետք է կա՛մ շրջադարձ կատարի անհապաղ, կա՛մ վերջնականապես վերածվի ընդամենը ձևական պետական միավորի, որը չունի կենսունակության նվազագույն պաշարներ անգամ: Ու ամենևին կարևոր չէ, թե այսպես ասած՝ ո՞ւմ մեղքով է լինելու հերթական տապալումը՝ այդ ամենի հետևանքն իրենց վրա կրելու են խաղի բոլոր կողմերը:










































