Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյոռն Յագլանդը հուսով է մոտ ապագայում հանդիպել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ քննարկելու համար Եվրոպային խորհրդին ու Վրաստանին առնչվող մի շարք այժմեական հարցեր: Այս մասին նշված է Իվանիշվիլիին Յագլանդի հասցեագրած նամակում:
Դրանում Յագլանդն ընդգծել է, թե հավատում է, որ Վրաստանը Եվրոպայի խորհրդի առաքելության հովանու ներքո կշարունակի ներդրում ունենալ Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Նամակում Յագլանդը հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները որակում է որպես «մրցունակ և թափանցիկ» և ընդգծում է, որ Վրաստանը ցուցաբերել է ժողովրդավարական վերափոխման օրինակ:
Նշվում է, որ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է դարձել 1999 թվականին:












































