Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ռազմական դատարանում շարունակվում է 2011 թվականի ապրիլի 24-ին Բաթմանի նահանգի Քոզլուք շրջանում ազգայնական Քըվանչ Աղաօղլուի կողմից ժանդարմերիայի հայ զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավարությունը:
9-րդ դատալսման ժամանակ «հայկական» վիճաբանություն է ծագել Սևակ Բալըքչըի ընտանիքի փաստաբանի և մարդասպան Աղաօղլուի դատապաշտպանի միջև: Սևակի ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը զայրացած հարցրել է, թե ինչո՞ւ է այս դատարանում արգելված Հայոց ցեղասպանության մասին խոսելը, ինչը բնորոշ չէ ժողովրդավարական հասարակությանը:
Ի պատասխան՝ մարդասպանի փաստաբան Իբրահիմ Գյոք հայտարարել է. «Ես չեմ կարծում, թե Թուրքիայում գոյություն ունի Հայկական հարց: Կարծում եմ, որ սխալ է 1915 թվականի իրադարձություններն այս դեպքի հետ շաղկապելը: Սա իրավական, ոչ թե քաղաքական գործընթաց է»:











































