«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի և «Արմավիա» ավիաընկերության միջև առկա կոնֆլիկտը խորացել է:
«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ ընկերության փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանի խոսքերով` «Արմավիա»-ի հետ հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձերն անօգուտ են, «Արմավիան» հասել է այն աստիճանի, որ ոչ մի հեռախոսազանգի չի պատասխանում. «Արմավիա» ընկերությունը սահմանեց մի նոր անբարոյական ռեկորդ, որը գերազանցեց իր անցյալ տարվա ռեկորդը, անցյալ տարի պարտքը 48 միլիոն դրամ էր, իսկ այսօր պարտքը կազմում է 93 միլիոն 780 հազար դրամ»,-ասաց նա` հավելելով, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ ընկերությունն իր առջև ունի պետական պարտավորվածություններ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հետ որոշ պարտավորություններ, նաև օդանավակայանին են պարտք, որը արդեն նամակով դիմել է՝ եթե ժամանակին վճարումներ չկատարեն, կդադարեցնի պայմանագիրը, իսկ դա նշանակում է, որ ոչ մի չվերթ չի լինելու:
Պավել Մանուկյանը դիմել է ՀՀ նախագահին`որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, որ այս հակազգային բանդայի նկատմամբ միջոցներ ձեռք առնի, սանկցիաներ կիրառի:
Նա ասաց, որ պարտքը «Արմավիան» այս տասը ամիսներին է կուտակել, բացի այդ, նա նշեց, որ չվերթների առյուծի բաժինը պատկանում է «Արմավիա»-ին, իսկ յուրաքանչյուր թռիչք 33000 դրամ է կազմում: Պավել Մանուկյանի խոսքով` իրենք «Արմավիա»-ին որոշակի զեղչեր են արել:
Ընկերության իրավաբան Անահիտ Գրիգորյանը նշեց, որ մտել են դատարան, դիմում են ներկայացրել, որ դատարանը օգնի, սակայն «Արմավիան» իր բողոքներն է ներկայացրել։ Այս անգամ, սակայն, իրենք բողոք են ներկայացրել, դրա համար այս անգամ հայցային պահանջով են մտնելու դատարան: Իրավաբանը նշել է, որ իրենք էլ չեն կարողանում իրենց հարկային պարտավորությունները կատարել, իրենց պարտքն էլ մոտավորապես 17 միլիոն դրամ է կազմում:
Պավել Մանուկյանը այն համոզման է, որ Սերժ Սարգսյանը հարցի վերաբերյալ որոշում է կայացնելու, հարցը հրատապ լուծում է պահանջում։ «Անձամբ ճանաչելով Սերժ Սարգսյանին`կարող եմ ասել, որ նա հարցին դրական լուծում կտա»,- ասաց Պ. Մանուկյանը:
«Արմավիա»-ի հետ միշտ էլ խնդիրներ են եղել, իսկ վերջին երկու ամսում առհասարակ որևէ վճարում չի կատարվել, իսկ դրանից առաջ էլ «Արմավիան» տասն անգամ քիչ էր վճարում սահմանված գումարից: Նա նաև նշեց, որ դեռ շարունակում են ծառայություններ իրականացնել`ելնելով հասարակության շահերից:
«Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե սա միտումնավոր քաղաքականություն է «Արմավիա»-ի նկատմամբ, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, ընկերությունն ուզում է ձեռք բերել Էդուարդո Էռնեկյանը, Պավել Մանուկյանը արձագանքեց. «Ես իմ կոլեկտիվի շահերն եմ պաշտպանում, ես երբևէ թույլ չեմ տա նման անհարգալից վերաբերմունք մեր մասով, ես երբեք թույլ չեմ տա նման անբարոյական վերաբերմունք ցույց տալ այս չքնաղ կոլեկտիվի նկատմամբ»:









































