ԱՄՆ նոր նախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի բյուջեի հավասարակշռման և պետպարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման խնդիրների լուծման համար՝ կարծում է Արժույթի միջազգայի հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:
«Ով էլ դառնա երեքշաբթի անցկացվող ընտրությունների հաղթող, նա պետք է դիմակայի այս մարտահրավերին, քանի որ մինչ 2013-ի սկիզբը մնում է ընդամենը երկու ամիս»,- ասել է Լագարդը՝ երկուշաբթի Մեխիկոյում կայացած մամլո ասուլիսում: Մեխիկոյում նա մասնակցել է G20-ի Կենտրոնական բանկերի ղեկավարների Ֆինանսների նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի միջև համաձայնության բացակայությունը կարող է հանգեցնել 2013-ի հունվարից պետպարտքի ծավալների նվազեցմանն ուղղված միջոցների՝ ակնթարթային և ավտոմատ կերպով ուժի մեջ մտնելուն: Մասնավորապես խոսքը գնում է պետական ծախսերի կտրուկ կրճատմանն ու հարկերի բարձրացմանը:
Լագարդի խոսքով՝ դա կարող է սպառնալ ոչ միայն ԱՄՆ-ի տնտեսությանը, այլև վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:
«Մեծ քսանյակի» երկրների Կենտրոնական բանկերի ղեկավարների և Ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով կոմյունիկեի տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն իր վրա պարտավորություն է վերցրել խուսափել պետական ծախսերի կտրուկ կրճատումից:







































