Հռոմի պապը մայիսին Մերձավոր Արևելք իր այցի ժամանակ չի օգտվի զրահապատ ավտոմեքենայից, նա «նորմալ ավտոմեքենա է խնդրել, որպեսզի ավելի մոտ լինի մարդկանց», Reuters-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Վատիկանի ներկայացուցիչը:
Քանի որ այցի շրջանակներում միջկրոնական երկխոսություն է նախատեսվում, պապին կուղեկցեն ռաբբին և իսլամական առաջնորդը: Մայիսի 24-26-ը Հռոմի պապը կայցելի Հորդանան, պաղեստինյան տարածքներ և Իսրայել:
«Ֆրանցիսկոսը բաց սովորական ավտոմեքենա է ուզում: Անվտանգության ծառայության տեղի ղեկավարը հաշվի է առել Հռոմի պապի ցանկությունը»,- ասել է Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:
Նշվում է, որ Հռոմի ներկայիս պապի նախորդներն իրենց մերձավորարևելյան և այլ այցերի ժամանակ միայն զրահապատ ավտոմեքենաներ են օգտագործել: