«Արդարադատության նախարարն ընդամենը արտաքին փայլն է ներկայացնում, գրագետ խոսելու, Եվրոպայից եկած տարբեր հորթերի ընդունելու և պատասխանելու համար է: Ես երբևիցե չէի պատկերացնի, որ ես` նախարարությունում տարբեր տեսակի օպերատիվ միջոցառումներ անցկացնող մարդս, մի օր կհայտնվեի բանտախցում: Ուրեմն ասեմ Հրայրին` ինքն էլ կհայտնվի: Ուրիշի ցավը տղամարդն է հասկանում: Լաց լինող տղամարդու արցունքն արճիճ է, եթե դու տղամարդ չես: Հրայր Թովմասյանը գաղափար չի ունեցել` ինչի մասին է խոսում, փորձել է մի այնպիսի բան ասել, որ իբր ինքը ամեն ինչից տեղյակ է, և խոսքն ընդամենը մի քանի հոգեկան հիվանդի մասին է, ու ինքը ոչինչ անել չի կարող»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կալանավայրերում վերջին իրադարձություններին և դրանց առիթով նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանություններին` ասաց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը:
Եղիազարյանը կարծում է, որ արդարադատության նախարարությունում հենց վերահսկողության վարչության պետի և նախարարի տեղակալներից մեկի ձեռքին է իրական իշխանությունը, ովքեր էլ «կոորդինացնում» են ՔԿՀ-ները «նայողներին»:









































