Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր պաշտոնը ստանձնեց հոկտեմբերի 11-ին: Նա Գյումրիի քաղաքապետի պաշտոնում է արդեն 25 օր:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, գնահատելով քաղաքապետի պաշտոնավարման 25 օրերը, հրապարակախոս, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ այս ընթացքում քաղաքապետարանում պաշտոնանկություններ եղան: Ըստ նրա՝ քաղաքապետարանի որոշ վարչությունների ղեկավարները մնացին իրենց պաշտոններում, որոշները փոխվեցին:
«Փոխված որոշ պաշտոնյաներ կան, որոնց հետ բարեկամական հարաբերությունների մեջ է Սամվել Բալասանյանը: Բայց այս նորանշանակները ժամանակավոր են, այսինքն՝ համայնքային ծառայողի քննություններ պետք է հանձնեն, որից հետո պարզ կդառնա՝ մնալո՞ւ են իրենց պաշտոններում, թե՞ ոչ: Պաշտոնյաներից մի քանիսն իր մերձավորներից են»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Խոսակցությունների համաձայն՝ Բալասանյանի փեսան` Ռուբեն Սանոյանը, նշանակվել է փոխքաղաքապետ, քաղաքապետարանի աշխատակազմում ևս ընդգրկվել են նրա բարեկամները, սանիկը:
Լևոն Բարսեղյանը նկատեց, որ 25 օրերը բավարար չեն քաղաքում փոփոխությունները նկատելու համար` քաղաքապետի փոփոխությունը քաղաքում առայժմ չի նկատվում: «Առայժմ ինքը գումարել է ավագանու մեկ նիստ` ավագանու նախկին կազմով, որը դեմ եղավ աուդիտ անցկացնելուն, և, որքանով ես եմ տեղյակ, այժմ քաղաքապետն ու իր աշխատակազմը զբաղված են պարտքերի ուսումնասիրություններով և դրանք գնահատելով՝ որքանով է դրանց կուտակումը արդարացված, որքանով՝ ոչ: Որևէ շոշափելի առաջընթաց քաղաքի կյանքում չկա, թեև նահանջ ևս չկա՝ չեն կրակում»,- մեկնաբանեց Լևոն Բարսեղյանը:
Խոսելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թողած պարտքերի վերաբերյալ Սամվել Բալասանյանի արձագանքների մասին՝ նա կարծում է, որ հանրային միջոցներ տնօրինողները պարտավոր են հանրությանը մշտապես տեղյակ պահել, թե ֆինանսական միջոցները՝ տարածքներ, հողեր, շենքեր, ինչ վիճակում են, ինչպես են տնօրինվում, ինչ եկամուտներ, ինչ ծախսեր, ինչ պարտքեր կան:
Նրա համոզմամբ՝ պետք է ապահովել դրանց հրապարակայնությունը, ինչը նախկինում չի եղել: Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ ավագանու նիստի ժամանակ այդ պարտքերի կառուցվածքը ներկայացվել է, այդ մասին տարածվել է տեղեկատվություն, ինչը նորմալ է:
«Հիմա պետք է հարկեր, եկամուտներ հավաքագրվեն քաղաքում: Որքանով ես գիտեմ՝ քաղաքապետարանը հեռուստատեսությամբ հայտարարություն է տարածել, որ պարտապանները, պարտատերերը գան նայեն պայմանագրերը, ստուգեն: Մի խոսքով` հանձնման-ընդունման գործընթացի է նման այս փուլը: Եվ դա բնական է, ի վերջո` քաղաքը 13 տարի շարունակ տնօրինվել է մի աշխատակազմի կողմից, և այդ ամենը երկու օրում անհնար է հանձնել-ընդունել»,- եզրափակեց Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը ստացավ ձայների մեծամասնությունը:









































