Իսրայելական Channel 2 հեռուստաալիքը նոյեմբերի 4-ին գովազդել է 2010 թվականին իրանական միջուկային օբյեկտների դեմ նախապատրաստվող հարձակման մասին լրագրողական հետաքննության ցուցադրումը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:
Լրագրողների տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանձնարարել էին բանակը բերել մարտական բարձր պատրաստության՝ Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու համար:
Այդ նախաձեռնությունը «անօրինական» են անվանել և կտրուկ քննադատել արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» այն ժամանակվա ղեկավար Մեյր Դագանն ու Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի ղեկավար Գաբի Աշկենազին: Նրանք հայտարարել էին, որ հատուկ գործողությունը կարող է բերել չվերահսկվող հետևանքների, այդ թվում՝ Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ պատերազմի: Աշկենազին և Դագանը նաև հիշեցրել են, որ նման գործողությունները պարտադիր պետք է համաձայնեցվեն նախարարների կաբինետի հետ, և Նեթանյահուին ու Բարաքին մեղադրել են «թաքուն պատերազմ սկսելու» փորձի մեջ:
Նեթանյահուն և Բարաքը իրենց հերթին մեղադրել են զինվորական ղեկավարությանը այն բանում, որ անհրաժեշտության դեպքում նրանց տիրապետության ներքո գտնվող գերատեսչությունները պատրաստ չեն ռազմական գործողությունների:
Իսրայելի քաղաքական և զինվորական ղեկավարությունների միջև առկա տարաձայնությունների պատճառով Իրանի դեմ օպերացիան կասեցվել է:
Երկամյա վաղեմության հակամարտության մասին այլ մանրամասներ կցուցադրվեն այսօր:







































