«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրներն ու մարտահրավերները» թեմայով հանրային քննարկում:
Քննարկմանը հրավիրվել էին նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, որոնք այդպես էլ չներկայացան:
Հանդիպման թեման օրերս Հանրային խորհրդի կողմից Սերժ Սարգսյանին ներկայացրած ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգն էր, իսկ դրանից առաջ Եվրոպական միության օժանդակությամբ քաղաքացիական հասարակության զարգացման մեկ այլ հայեցակարգ էր մշակվել, որին չեն ընդգրկվել քաղաքացիական հասարակության կարևոր ներկայացուցիչներ:
ԲՀՀ-Հայաստանի փոխնախագահ Դավիթ Ամիրյանը նշեց, որ երկրում առկա են շատ խնդիրներ` կապված դատարանների ազատության, ԶԼՄ-ների անկախության հետ: Նա նշեց, որ ցանկություն կա նաև ժողովրդավարական ինստիտուտներին նույնպես վերահսկողության տակ պահել: Դավիթ Ամիրյանը որպես օրինակ նշեց վերջին ամիսներին Բրյուսովի համալսարանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք, նրա խոսքով, ցույց տվեցին, որ գործադիրը ունի բացարձակ վերահսկողություն կրթական համակարգում:
Խոսելով քաղաքացիական հասարակության առջև ծառացած խնդիրներից՝ Դավիթ Ամիրյանը երկու պատճառ նշեց. առաջինը՝ իսկապես գոյություն ունի կայացած, անկախ, մտածող, գործող քաղաքացիական հասարակության մի խումբ, որն իրականացնում է քաղաքացիական հասարակության առաքելությունը, այն է` լինել հակակշիռ պետության և հասարակության միջև: Սկսում է կայանալ մի ուժ, որն իսկապես կարող է քննադատաբար մոտենալ իրավիճակին, առաջարկել լուծումներ և կարող է հանդիսանալ մարտահրավեր` իրականացվող քաղաքականությանը: Երկրորդ պատճառը, ըստ նրա,այն իրողությունն է, որ շատ ծրագրերի իրականացման ժամանակ միջազգային կազմակերպությունները ուզում են տեսնել քաղաքացիական հասարակության ներկայությունը` որպես ժողովրդավարության կայացման գործոն:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նախ հասարակություն բառը տարբերակեց քաղաքացիական հասարակությունից: Քաղաքացիական հասարակության բնորոշման իրարից տարբերվող ձևակերպումներ կան: Խորհրդային տարիներին կար խորհրդային հասարակություն, բայց ըստ նրա` քաղաքացիական հասարակությունը տարբերվում է իր անկախությամբ, քաղաքացիական դիրքորոշմամբ: Քաղաքացիական հասարակությունը պետության կցորդը չէ:
Նա նշեց Եվրոպական Միության հետազոտության մեջ նշված ձևակերպումը` քաղաքացիական հասարակության մեջ են մտնում արհեստակցական միությունները, գործատուները, ՀԿ-ները, մասնագիտական ասոցիացիաները, բարեգործական կազմակերպությունները, կուսակցությունները, երիտասարդական կազմակերպությունները և այլն:
Ավետիք Իշխանյանը մի շարք անհամաձայնություններ ուներ Հանրային խորհրդի հայեցակարգի շուրջ:
Արթուր Սաքունցն էլ նշեց, որ քաղաքացիական հասարակության հիմնական խնդիրը իշխանություններով զբաղվելն է, նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը, որն անհարմար հարցեր է առաջադրում: Նրա համոզմամբ` համակարգված, քայլ առ քայլ, օրենսդրական մակարդակով փորձ է արվում ցանկացած հասարակական նախաձեռնության նկատմամբ ստեղծել վերահսկողություն, այսինքն՝ պետք է կառավարելի լինեն վերահսկողության բոլոր գործառույթները:
Փաստաթուղթը միտված է լռեցնելու կամ կառավարելի դարձնելու քաղաքացիական հասարակությունը: Սեփական աչքի գերանը չտեսնելով` փորձում են դիմացինի սարքովի փիղը տեսնել, թե` չպետք է թույլ տալ քաղաքացիական այլախոհությունը, երկիրը դարձնել տոտալ վերահսկելի: Սա նշանակում է մահ, պուտինյան մեխանիզմն է, որտեղ փորձում են արտասահմանյան ագենտներ փնտրել, ցանկանում են կառավարել ժողովրդավարության ֆենոմենը, ինչը անթույլատրելի է և նշանակում է հետընթաց, տեռոր, ավտորիտարիզի վերականգնում:
Սկսել են վերահսկողություն իրականացնել տարբեր ՀԿ-ներում: Մինչդեռ նա նշեց, որ իրենք «Մարտիկ» հիմնադրամի մասին ոչ մի տեղեկատվություն չեն կարողանում ստանալ: Ոչ մեկը չի պահանջում Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի հաշվետվությունը: Նրա խոսքով` իրենք իրենց հաշվետվություններով բաց են և չեն հանդուրժելու, որ օրենսդրորեն միջամտություն կատարվի քաղաքացիական հասարակության դաշտում:
«Իզուր են մարդկանց լռեցնելու փորձերը, չի ստացվելու, կանխամտածված, վախեցնելով լռեցնելու քաղաքականությունը դատապարտված է ձախողման»,- ասաց Ա. Սաքունցը:
«Համագործակցություն հանուն ժովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը նախ բնորոշեց, թե ինչ է կատարվում Հայաստանում, որից հետո նշեց` ինչու են ծնվում նման օրենքներ, հայեցակարգեր:
«Հայաստանի քաղաքական համակարգը կարելի է բնութագրել մեկ բառով՝ մենաշնորհ, Հայաստանի քաղաքական համակարգի մենաշնորհ, որը Հայաստանի քաղաքական համակարգի բուն էությունն է, և քաղաքական մենաշնորհները, բնականաբար, տեղափոխվում են տնտեսական դաշտ: Իշխանությունը ունենալով տնտեսական և քաղաքական մենաշնորհներ` մի խնդրի առաջ է կանգնում. «Դուք չեք ազդում մարդկանց հոգիների և խղճի վրա, այսինքն՝ մարդկանց մտքերը նույնպես պետք է վերահսկվեն»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունը զարգացման երկու ճանապարհ ունի` կամ հրաժարվել մենաշնորհից, կամ խորացնել մենաշնորհները. տենդենցը մենաշնորհների խորացման կողմն է:
Ոլորտների մենաշնորհները նա պայմանական երկու մասի բաժանեց՝ հոգևոր և մտքերի դաշտերը: Հոգևոր դաշտում են կրոնը, քաղաքացիական դաշտը, մշակույթը, մտքի ոլորտում` ԶԼՄՆ-ները և ակադեմիական դաշտը: ԶԼՄ-ների դաշտում տոտալ վերահսկողությունը ավելի է խորանում, սկսվում է տոտալիտար մանիպուլյացիաների դաշտը:
Նա ասաց, որ կա մտահոգություն, և Հանրային խորհրդի հայեցակարգի նկատմամբ կան կասկածներ, որոնք հիմնավորված են:
Ստեփան Դանիելյանը մի օրինակ բերեց. ԿԳ նախարարը ֆեյսբուքի իր էջում հայտարարում է` եկեք միավորվենք, որ օրենք ընդունվի կրոնական կազմակերպությունների մասին` ընդդեմ աղանդների: Նրա խոսքով՝ ԿԳ նախարարը պայքարում է Հայաստանի բնակչության մի հատվածի դեմ, որոնց նրա խոսքով` պետք է դատեն:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ, անդրադառնալով հայեցակարգին, նշեց, որ գուցե սա Բաղրամյան 26-ի պատվերն է, թե ուզում են իսկապես օգնել քաղաքացիական հասարակությանը, որ նա կարողանա ֆունկցիաներ կատարել: Այս գաղափարը, ըստ նրա, իր մեջ խոտան է պարունակում. «Մի խանգարեք քաղաքացիական հասարակությանը, մի մտեք այնտեղ, որտեղ ձեր տեղը չէ. մեր հեռախոսները ազատորեն հսկվում են, մեր անձնական ֆինանսական շարժերը պետությունը հսկում է` ինչպես կամենում է, էլ ի՞նչ եք ուզում, ուզում եք իսպառ դառնա ավտորիտար ռեժի՞մ. շատ դժվար է լինելու»,- ասաց նա:









































