«Առաջին լրատվական»-ը զրուցել է Նիս քաղաքի նախկին հոգևոր հովիվ, ներկայումս Ստրասբուրգի հոգևոր հովիվ տեր Վաչե քահանա Հայրապետյանի հետ:
– Տեր Վաչե, նախօրեին Նիսի դատարանում ավարտվեց հոկտեմբերի 22-ից սկսված կեղծ դրամների շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ մեղադրվող 20 ամբաստանյալների դատավարությունը: Այս երկու շաբաթների ընթացքում հարցաքննվում էիք նաև Դուք: Ի՞նչ տեղի ունեցավ երեկ դատարանում:
– Այն, ինչ ներկայացրել է քննիչը դատարանին՝ որպես հայկական մաֆիա, կազմակերպված բանդա, բացարձակապես իրականությանը չէր համապատասխանում: Դատավորի որոշումներից պարզ դարձավ, որ ոչ մի հայկական մաֆիա չկա: Մի 3-4 երիտասարդներ հեռախոսազրույցներ են ունեցել, բայց որտեղ ոչ մի կլան չի եղել, որ զբաղվել է կավատությամբ կամ կեղծ դրամներով: Ըստ դատարանի որոշման՝ արդեն ժամանակավոր բանտարկության մեջ եղած Միհրդատ Ասատրյանը ճանաչվեց մեղավոր, քանի որ նրա համակարգչից գտել են ադմինիստրատիվ կեղծված թղթեր, դրա համար նրան 18 ամիս ազատազրկեցին, և քանի որ նա արդեն 15 ամիս նստած էր, ինքն անմիջապես դուրս եկավ դատարանից: Մյուս երիտասարդներին տվեցին երկու տարի ազատազրկում, բայց քանի որ իրենք էլ որոշ ժամանակ բանտարկվել էին, հսկողության տակ էին, դա էլ նրանց համար համարվեց բանտարկություն, և նրանք էլ դատարանից դուրս եկան:
– Իսկ արա՞բը, որ ցուցմունք էր տվել, թե Դուք իրեն ծեծի եք ենթարկել, դա՞ էլ հերքվեց:
– Ինձ ամբողջովին անմեղ են ճանաչել, բոլոր գործերի, բոլոր զրպարտանքների մեջ ինձ դատարանը կատարյալ անմեղ ճանաչեց, և դատավորը իմ անունը առաջինն ընթերցեց՝ հավելելով, որ ես ոչ մի կապ չունեմ այս գործերի հետ: Դատավորը շատ ճիշտ դատ անցկացրեց, արդար վճիռ կայացրեց, և ես հիմա կարող եմ ասել, որ այսօր Ֆրանսիայում տակավին ժողովրդավար և արդար դատարանը գործում է: Դատավորը լսեց երկու շաբաթ, հասկացավ իրականությունը՝ ինչ է կատարվում, շատ ճիշտ որոշումներ հայտարարեց, և դատարանից բոլորը գոհ գնացին:
Իմ պարագայում մեղադրանք առաջադրող կողմը միայն այդ արաբն էր, որին չգիտեմ որտեղից էին գտել, բերել կապել, բայց ուրիշների դեպքում հստակ եղել էր զրպարտանք, քննիչն էր ներկայացրել մեղադրանք, որ իբր ինքը մեծ մաֆիա՝ մեծ ռուսաֆոբ մաֆիա Արմենիա է բացահայտել:
Բացի այդ, անստորագիր նամակ կար, որը զրպարտում էր ինձ, սակայն դատավորն ասաց, որ սրանք անստորագիր զրպարտանքներ էին իմ հասցեին, որ քննիչը ստացել է հայերից, որ նրանք ուզում էին այնպես անել, թե տեր Վաչեն Նիսի եկեղեցին պղծել է, իմ անձը աղտոտելով՝ ուզում էին պարզերես ելնել, որ իրենք ճիշտ են, իսկ ես հանցագործ եմ, բայց դատարանը իր որոշումը հայտնեց, որ տեր Վաչեն հանցագործ չէ, անմեղ է:
– Մի՞թե հայկական մաֆիա չկա Նիսում:
– Բացարձակապես: Դրանք բոլորն իրապես դատարկ խոսքեր են, զրպարտություններ, մանավանդ` հայ եկեղեցու շուրջ բնավ չի կարող լինել հայկական մաֆիա, հայ եկեղեցում եղել են միայն հայ հավատացյալներ՝ իրենց ընտանիքներով, իրենք դա դատավորի առջև էլ հաստատեցին, հիմա կրկնում եմ՝ ոչ մի հայկական մաֆիա Նիսում չի եղել երբեք: Եթե ինչ-որ անհատ հայեր փոքրիկ շեղումներ են թույլ տվել, բայց հայկական համայնք ասվածի, հայկական համայնքի կյանքից ներս չի եղել: Ով կասի, իմացեք, որ դրանք կողմնապահ մարդիկ են, պարապ, դատարկ զրպարտանքներով են զբաղված:
– Այնուամենայնիվ, ի՞նչ տեղի ունեցավ Նիսում, ինչո՞ւ կոնֆլիկտը չի լուծվում առ այսօր:
– Ի սկզբանե հայ համայնքի մեջ կոնֆլիկտ եղել է. մի քանի հայ ոստիկաններին զրպարտանքներ են ներկայացրել, ոստիկանները սկսել են քննություն վարել, և նրանք զրպարտանքներ են ներկայացրել, որ տեր Վաչեն, Միհրդատ Ասատրյանը և մյուսները ղեկավարում են հայկական կլանը, երիտասարդներին, որոնք եկել են եկեղեցի, այցելել պատարագների, քննիչը վերցրել է, բոլորին միացրել է մի օղակի մեջ և փորձել է փուչիկ փչել, մեծ ռեզոնանս տալ, որ սա մեծ հայկական-ռուսական մաֆիա է, բայց իրեն չի հաջողվել, քանի որ ոչ մի արարք չի հաստատվել: Ամբողջ դատի ընթացքում ամեն ինչ հստակեցվեց, ոչ մի արարք, ոչ մի հանցանք բացարձակապես ոչ մեկի վրա չի հաստատվել: Չորս երիտասարդները խոստովանվել են, որ ամեն մեկը մի քանի հարյուր եվրո կեղծ գումար ունեցել է իր ձեռքում:
– Տեր Վաչե, սակայն Նիսում խնդիրը մնում է չլուծված առ այսօր:
– Պետք է տեղի ունենա հետևյալը. այդ մի քանի համառները ի վերջո պետք է հասկանան, որ թեմական կառույց է, եկեղեցի է, որը ունի իր կանոնադրությունը, իր օրենքները, և բոլորը մեկ օրենքի տակ պետք է լինեն, մի օրենքով պետք է շարժվեն, եթե ուզում են թեմի կյանքից ներս լինել, պետք է ընդունեն այդ օրենքները և շարունակեն պահել եկեղեցին, գործի ծխի կյանքից ներս: Եթե այդ մարդիկ այդ ամենը հասկանան, ամեն բան կլուծվի:
– Իսկ Դուք Ստրասբուրգում շարունակելո՞ւ եք Ձեր հովվությունը:
– Ես Ստրասբուրգում միանշանակ շարունակելու եմ իմ հովվությունը, ես հիմա արդեն Ստրասբուրգում եմ, այսօր առավոտյան եմ վերադարձել և շարունակելու եմ իմ ծառայությունը:








































