Ավստրալիական Հոբարթ քաղաքում հոկտեմբերի ութից նոյեմբերի մեկը անցկացված ամենամյա խորհրդակցությունը նվիրված էր Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային շրջաններում ծովային արգելանոցների բացմանը:
Անտարկտիդայի ծովային կենդանական ռեսուրսների պահպանման հանձնաժողովի անդամ երկրներն այդպես էլ չկարողացան տարածաշրջանի փխրուն էկոհամակարգի վերաբերյալ համաձայնության գալ։ Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Վայրի բնության համաշխարհային ֆոնդը (WWF):
«Ամբողջ միջազգային հանրությունը սպասում էր, որ 2012 թվականին Ռոսսայի ծովը և Արևելյան Անտարկտիդայի մի շրջանը ծովային արգելանոցներ կդառնան: Մենք հասկանում ենք, թե մասնակից երկրներն ինչ ահռելի աշխատանք են կատարել այս տարածաշրջանում ծովային արգելանոցի ստեղծման համար: Բանակցությունների տապալումն՝ այսքան տարիների գիտական աշխատանքներից և երկու շաբաթ լարված քննարկումներից հետո, լուրջ անհանգստության տեղիք է տալիս»,-ասել է WWF-ի ներկայացուցիչ Փոլ Գամբլինը:
Այս հարցը կրկին կբարձրացվի 2013 թվականին՝ Գերմանիայում:
«Գերմանիայում հատուկ հանդիպումը պետք է վերջնական որոշում տա այս տարածաշրջանում արգելանոցի ստեղծմանը: Արտակարգ հանդիպում կազմակերպելու մասին որոշումը վկայում է այն մասին, որ հարցը ծայրահեղ լուրջ է»,- ասում է Գամբլինը:
Ռոսսայի ծովը տեղակայված է Անտարկտիդայի ափերի մոտ և հանդիսանում է այնպիսի յուրահատուկ կենդանիների բնակավայր, ինչպիսիք են կետերը, ծովափոկերը և պինգվինները:








































