«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Հանրապետական կուսակցությունն իր մարզային և շրջանային կառույցներում քննարկումներ է սկսել՝ նախագահի թեկնածուի առաջադրման հետ կապված: Այսինքն՝ որպես նախագահի թեկնածու՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը մարզերից պետք է սկսվի:
Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այդ լուրը:
«Քանի որ դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը, դա ենթադրում է, որ մեր սկզբնական կառույցներում սկզբնական ժողովները պետք է կազմակերպեն նիստեր: Եվ քանի որ համագումարը առնչվում է նախագահի թեկնածուի առաջադրմանը, ցանկալի է որ առաջադրումը լինի սկզբնական կառույցներից:
Օրինակ՝ ես՝ որպես Սպիտակի շրջանային կառույցի ղեկավար, մասնակցել եմ մոտ 8 գյուղական համայնքների սկզբնական կառույցների ժողովներին, նման քննարկումներ ենք անցկացրել: Այնուհետև հանրապետության այդ սկզբնական կառույցներից առաջադրումները ներկայցվում են համագումարին»,- ասել է Հ. Սահակյանը:








































