2011-ի հոկտեմբերին` հիմնադրումից ի վեր, Սիրիայի ազգային խորհրդի ստացած ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կազմում է 10.1 մլն դոլար: Այս մասին հայտնում են արաբական ԶԼՄ-ները՝ հղում անելով սիրիացի ընդդիմադիրների առաջատար կազմակերպությանը:
Համաձայն խորհրդի հրապարակած ֆինանսական հաշվետվության տվյալների՝ սիրիացի ընդդիմադիրները մեկ տարում (2011-ի հոկտեմբերից 2012-ի հոկտեմբեր) ստացել են 5 մլն դոլար` ԱՄԷ-ից, 15 մլն դոլար` Կատարից և 20.4 մլն դոլար՝ Լիբիայից:
Հաշվետվությունում նշվում է, որ ֆինանսական օգնության ընդհանուր գումարից 29.7 մլն դոլարը ծախսվել է մարդասիրական նպատակներով (օգնություն փախստականներին) և Սիրիայում « հեղափոխական շարժմանն» աջակցելու համար: Մնացած միջոցները օգտագործվել են «վարչական ծախսերի և կապի» վրա:
Հաշվետվությունում նշվում է, որ ֆինանսական նվիրատվությունները ստացվել են խորհրդի երկու հաշիվների վրա՝ Կատարում և Թուրքիայում:
Սիրիայի ազգային խորհուրդը հիմնադրվել է Ստամբուլում. դրա մեջ մտնում են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության սիրիական ճյուղի, լիբերալ և ազգային ուղղությունների հետևորդ (քրդեր և ասորիներ) ընդդիմադիր կազմակերպությունների ներկայացուցիչներ ու մի շարք անկախ այլախոհներ: Խորհրդի ներկայացուցիչների վկայություններով՝ նրանում ընդգրկված է սիրիական ընդդիմության 60 տոկոսը: Կազմակերպության զինված թևը համարվում է Սիրիայի ազատ բանակը:









































