ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն հավանության է արժանացրել օրինագիծը՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցով տվյալների հավաքման պրակտիկան դադարեցնելու մասին: Քվեարկությունն անցել է միաձայն. կողմ՝ 32, դեմ չկա:
Օրինագիծը մասնավորապես կոչված է բարեփոխելու ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության՝ տեղեկությունների հավաքման մի շարք մեթոդներ:
Օրինագծի առանցքային դրույթներից մեկը արգելում է զանգվածային տվյալների հավաքագրումը, Ազգային անվտանգության գործակալությանը զրկում հեռախոսազրույցների լայնամասշտաբ գաղտնալսումների և դրանք առնվազն 5 տարի պահպանելու լիազորությունից: Նման տեղեկության պահպանումը կվստահվի հեռահաղորդակցական ընկերություններին, իսկ դրանք, անհրաժեշտության դեպքում, կարող են ստանալ ԱՄՆ հատուկ ծառայությունների երկու ներկայացուցիչ՝ դատարանի թույլտվությամբ:










































