Հոմսից զինված ընդդիմադիրների տարհանման բոլոր պայմանները «հաջողությամբ կատարվում են»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով կենտրոնական գավառի նահանգապետ Թալյալ Ալ-Բարազիին:
«Քաղաքը լքել է 980 մարդ, որոնց մեծ մասը գրոհայիններ են, սակայն կան նաև խաղաղ բնակիչներ՝ կանայք և երեխաներ»,- նշել է նա: Նահանգապետի խոսքերով՝ իշխանություններին հանձնվելու ցանկություն են հայտնել 62 գրոհային: «Նրանք եկել են զենքերով և դրանք հանձնել զինծառայողներին»,- ասել է Ալ-Բարազին:
«Գործողությունը սկսվել է վաղ առավոտյան և շարունակվել մինչև մայրամուտ: Մարդկանց խմբերով են դուրս բերել: Համաձայն գործարքի պայմանների՝ յուրաքանչյուր նոր խումբը ճանապարհ է ընկել՝ Հալեպից և Լաթաքիայից պատանդների ազատ արձակման լուրից հետո: Այնտեղ մեկ օրվա ընթացքում գրոհայինները 70 մարդու են բաց թողել՝ հիմնականում կանանց և երեխաների»,- ասել է նահանգապետը:
Ալ-Բարազին հայտնել է, որ հինգշաբթի օրը գործողությունը կվերսկսվի:












































