Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Պուտինի բարձր վարկանիշը Ռուսաստանում ու Դոնբասում համարել է օրինաչափ, սակայն ժամանակավոր երևույթ: Այս մասին նա ասել է «24» հեռուստաալիքի «Շուստեր LIVE» հաղորդման ժամանակ:
«Պետք չէ զարմանալ Պուտինի վարկանիշի համար: Ուղեղների լվացումը ունի կարճաժամկետ բնույթ: Ներկայում նրան աջակցում է ռուս բնակչության 80 տոկոսը: 2008-ին էլ է նրան աջակցել 85 տոկոսը: 2 տարի անց նրա վարկանիշը նվազեց մինչև 35 տոկոս»,- նկատել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահը Պուտինի ներկայիս վարկանիշը համեմատել է բարձր ջերմության հետ:
«Միլոշևիչն էլ ուներ բարձր վարկանիշ: Պատերազմի ժամանակ բոլորն են աջակցում ագրեսորի գործողություններին: Դա սովորական երևույթ է: Դա կարծես ջերմություն լինի՝ բարձրանում է, ապա անցնում: Նրանց մոտ հիմա բարձր ջերմություն է, ու դա, ցավոք, տարածվում է այն շրջաններում, որտեղ կա ռուսական քարոզչություն»,- ասել է նա:









































