ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որը պետք է ողջույնի խոսքով ելույթ ունենար Նյու Ջերսիի Ռուտգերտի համալսարանում, հրաժարվել է նախանշված ծրագրերից։ Դա տեղի է ունեցել բազմամսյա բողոքի ակցիաներից հետո, որոնք կազմակերպել էին Իրաքի պատերազմի ժամանակ նրա քաղաքականությունը դատապարտող ուսանողներն ու դասախոսները։
Բողոքողները պնդում էին, որ Ռայսը չի կարող խոսնակ լինել, որովհետև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն այն ժամանակ, երբ Բուշ կրտսերի վարչակազմը պատերազմ սկսեց Իրաքում, հաղորդում է The New York Times-ը։ Անցած շաբաթ ուսանողները նստացույց էին կազմակերպել համալսարանի ղեկավար Ռոբերտ Բարչիի աշխատասենյակի մոտ՝ պահանջելով չեղյալ համարել քաղաքական գործչի հրավերը։
Ռուտգերսի համալսարանում բողոքի առաջին ակցիաները սկսվել էին դեռ փետրվարին, երբ ուսումնական հաստատության ղեկավարությունը հայտնել էր, որ նախկին պետքարտուղարին հրավիրել է մասնակցելու տոնական միջոցառումներին։ Դասախոսների խումբն անմիջապես ընդունել էր բանաձև, որում ասվում է, թե Քոնդոլիզա Ռայսը մեծ դեր է խաղացել՝ օգնելով նախագահի վարչակարգին՝ մոլորության մեջ գցելու ամերիկյան ժողովրդին, մասնավորապես համոզելով ԱՄՆ բնակիչներին Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մեջ, հաղորդում է Reuters-ը։
Մարտին համալսարանի ղեկավար Ռոբերտ Բարչին նամակով դիմել էր համալսարանական ընկերակցությանը՝ պնդելով, որ անկախ ընկերակցության անդամների քաղաքական հայացքներից ու անձնական զգացմունքներից՝ «տիկին Ռայսը ամենաազդեցիկ ինտելեկտուալ և քաղաքական գործիչներից մեկն է վերջին 50 տարում»։ Սակայն սույն հայտարարությունը անհրաժեշտ արդյունքը չի ունեցել, և բողոքի ակցիաները համալսարանում շարունակվել են։
Չնայած Բերչիի այն հավաստիացումներին, թե հրավերը մնում է ուժի մեջ, նախկին պետքարտուղարը, այնուամենայնիվ, հրաժարվել է համալսարան այցելելուց և 35000 դոլարի հոնորարից։









































