Թուրքական թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում է Գյուլ-Էրդողան առճակատումը՝ կապված հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 89-ամյակի կապակցությամբ Անկարայում կազմակերպված երթի հետ:
Անկարայի իշխանությունները նախապես արգելել էին այդ երթի անցկացումը, ինչի կապակցությամբ Էրդողանը հայտարարել էր, թե իրենք տվյալներ ունեն, որ երթի ժամանակ կազմակերպվելու են սադրանքներ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր հերթին Անկարայի իշխանություններին կարգադրել էր հանդուրժողականություն ցուցաբերել նրանց նկատմամբ:
Չնայած դրան՝ հոկտեմբերի 29-ին Անկարայում անցկացվել էր «հանրապետության» երթը, և ցույցի ցրման համար Անկարայի ոստիկանությունը գործի է դրել առնվազն 2 տոննա ջուր և վիրավորվել էր 50 ցուցարարի:
Հոկտեմբերի 30-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ ձևով հերքել էր, որ իր գործընկեր և մերձավոր դաշնակից Գյուլը կարող էր թույլ տալ միտինգը, որն արգելված էր դատարանի կողմից: Էրդողանը հավելել էր, որ Թուրքիան երբեք չի ղեկավարվել երկու մարդկանց կողմից միաժամանակ, և դժվար թե եբևէ ղեկավարվի:
Այսօր Գյուլը պատասխանել է Էրդողանին. «Թուրքիայում գոյություն չունի երկգլխանի կառավարում: Այդպիսի բան չկա: Մեր սահմանադրությունը հստակորեն տարանջատում է մեզանից յուրաքանչյուրի պարտականությունները, պատասխանատվության ոլորտը, ինչը հայտնի է բոլորին: Այս տեսանկյունից մենք չպետք է թույլ տանք, որ դա թյուրըմբռնման տեղիք տա»:









































