Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում «գոյություն չունի» Կիպրոս անունով պետություն.
«ԵՄ-ն իր կազմում ներառել է քաղաքական առումով մասնատված երկրներին: Օրինակ, ԵՄ-ում կա Կիպրոս անունով պետություն, մինչդեռ աշխարհում գոյություն չունի այդպիսի պետություն: Գոյություն ունեն Հյուսիսային Կիպրոս և Հարավային Կիպրոս: Նրանց միջև առկա է մի կանաչ գիծ: ԵՄ անդամ երկրները չեն տեսնում այս կանաչ գիծը:
Հյուսիսային Կիպրոսն ամբողջովին անջատ է Հարավային Կիպրոսից: Վերջինս ԵՄ անդամ է և ներկայում նախագահում է ԵՄ-ում, ինչի պատճառով մենք մինչև տարեվերջ կասեցրել ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները»:
Էրդողանը հավելել է, որ իրենք նպատակադրվել են արագ տեմպերով զարգացնել երկիրը, որը մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) պետք է դառնա աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան անդամակցության հարցում հավերժ չի սպասի ԵՄ-ի պատասխանին:








































