ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է` ցանկանում է, որ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, իսկ «այլ լուրջ» մրցակից նա Սարգսյանի համար չի տեսնում:
Հովիկ Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգի հին աղվես է, թեև համակարգում հայտնի է բոլորովին այլ «կենդանակերպի նշանով»: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր խաղը խաղալ Սերժ Սարգսյանի և իր խնամի Գագիկ Ծառուկյանի միջև: Մի կողմից` նա Սերժ Սարգսյանին ցույց է տալիս, որ ջանք չի խնայում` իր խնամուն համոզելու, որ վերջինս նախագահական ընտրություններում սատարի Սարգսյանին, մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանին հասկացնում է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ մրցակից է, ու եթե հանկարծ չսատարի, Սարգսյանը կարող է նրա հետ խնդիրներ ունենալ:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանը փորձում է բարձրացնել իր բավականաչափ ընկած գինը Սերժ Սարգսյանի մոտ` նրան համոզելով, որ պետք է համոզել Գագիկ Ծառուկյանին: Բնական է, որպես թիվ մեկ համոզող ներկայանալու է Հովիկ Աբրահամյանը` որպես Ծառուկյանի խնամի:
Հովիկ Աբրահամյանի խնդիրն, իհարկե, այս ամենի միջնորդավճարն է: Բայց հետաքրքրականն այն է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե մտադիր է հիմնարար կերպով հրաժարվել նրա ծառայություններից, քանի որ ՀՀԿ-ն գրոհի բավական մեծ ալիք է սկսել «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ, ընդ որում` այնպիսի մի ալիք, որ Ծառուկյանին ուղղակի տեղ չի թողնում ՀՀԿ-ի հետ համագործակցելու և սեփական թեկնածու չառաջադրելու, որովհետև այստեղ արդեն թասիբի հարց է առաջանում, ինչը ԲՀԿ նախագահի համար, անշուշտ, ամենազգայուն հարցերից մեկն է:
Եթե ՀՀԿ-ականների գրոհով հանդերձ` ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, ապա ուղղակի պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև ավելի ցածր` Շարմազանովին, Կարեն Ավագյանին ու Աշոտյանին է տեղի տվել: Այնպես որ` Ծառուկյանին նահանջի տեղ չի մնում, հետևաբար Հովիկ Աբրահամյանին չի մնում միջնորդավճարի տեղ: Բայց Աբրահամյանի հոգսը, իհարկե, դա չէ: Ի վերջո` նրա բիզնեսները հնարավորություն տալիս են շատ չցավել միջնորդավճարի բացակայության համար:
Խնդիրն այստեղ այն է, որ Հովիկ Աբրահամյանն ունի ընդհանրապես իշխանական համակարգում տեղի խնդիր, որովհետև իշխանության ներսում սկսվում է բոլորովին այլ մի խաղ, որտեղ Հովիկ Աբրահամյանի խաղացող լինելու վերջին շանսը հենց Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջև կամրջի դերն էր: Երբ այդ խնդիրը վերանում է, իսկ խնդիրը անշեղորեն վերանում է, վերանում է նաև կամրջի անհրաժեշտությունը: Իսկ նոր իշխանական դասավորության և բովանդակության մեջ Հովիկ Աբրահամյանն այլ նշանակություն չունի. նա, ըստ էության, անցած էտապ է, ժամանակավրեպ մի ֆիգուր, որը ժամանակի ընթացքում ոչ միայն կարող է ավելորդ լինել, այլև նույնիսկ դառնալ խանգարող:







































