2012թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,2% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.2%:
Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-հոկտեմբերին արձանագրվել է սպառողական գների 0,03% միջին ամսական նվազում (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցվել է 0,1% հավելաճ):
2012թ. հոկտեմբերին, 2011թ. հոկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103,4%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 103,5%, ոչ պարենային ապրանքներինը` 105,7%, ծառայությունների սակագներինը` 102,3%, իսկ հունվար-հոկտեմբերին, 2011թ. հունվար-հոկտեմբերի համեմատ, համապատասխանաբար` 102,4%, 102,0, 104,4 և 102,1%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 0,4-2,0% հավելաճ, ընդ որում` գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Դիլիջանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1,3%-ով:








































