Վրաստանում ստորագրահավաք է սկսվել՝ «Ծերեթելիին դուրս բերեք» պահանջով: Ստորագրահավաքի մասնակիցները պահանջում են Թբիլիսիի կենտրոնական «Ազատության» հրապարակից դուրս բերել հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի հեղինակած Սուրբ Գեորգիի հուշարձանը, որը նա Թբիլիսիին նվիրաբերել է 2003 թվականին տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո:
Հուշարձանի բարձրությունը կազմում է 40 մետր: Այս ակցիան նախաձեռնել է Վրաստանի գրականության թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ այդ հուշարձանն ասոցացվում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա թիմի գործողությունների հետ, և այն տեղ չունի Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում:
Նրանք հավելում են, որ այստեղ Լենինի հուշարձանին փոխարինելու է եկել մեկ այլ խորհրդանիշ՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության խորհրդանիշը: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ այդ հուշարձանը պետք է ապամոնտաժվի և դրա տեղում կարելի է կանգնեցնել Ռուսաստանի հետ 2008 թվականի պատերազմի հերոս վրացիների հուշարձանը:









































