«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի այսօրվա համարում գրում է. «Ես չգիտեմ, մոտակա 3-4 տարում փոխվելո՞ւ է արդյոք Հայաստանի Սահմանադրությունը, և կա՞ արդյոք դրա անհետաձգելի անհրաժեշտությունը: Մեր քաղաքական վերնախավում վերաբերմունքն այդ հարցին հակասական է. քաղաքական ուժերը, որոնք ցույցեր էին անում՝ Սահմանադրությունը փոխելու, կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու, 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ անցկացնելու և այլ բաների համար, հիմա ասում են, որ ոչ մի փոփոխություն էլ պետք չէ: Տվեք մեզ իշխանություն՝ և վերջ: Իսկ մարդիկ, որոնց կյանքն ու գործունեությունը ոտքից մինչև գլուխ Սահմանադրության խախտում է, հիմա ասում են, որ Գլխավոր օրենքը պետք է ապահովի մարդկանց իրավունքներն ու ազատությունները:
Բայց եթե ինձ մնար, ես կփոխեի Սահմանադրության այն հոդվածը, որն օրենքով չի կարելի փոխել՝ առաջինը. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Խնդիրն այն չէ, որ մեր պետությունը Սահմանադրության ընդունումից ի վեր գրեթե 19 տարվա ընթացքում ձեռք չի բերել թվարկած 4 հատկանիշներից որևէ մեկը: Մենք կարող ենք երբևէ դառնալ, և վստահ եմ կդառնանք ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետություն: Բայց սոցիալական պետություն մենք, նույնիսկ տեսականորեն, երբեք չենք դառնա: Որովհետև դա, իմ կարծիքով, անիմաստ և դատարկ բառակապակցություն է:
Մանրամասները՝թերթի այսօրվա համարում:








































