«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին վերջերս հեռացրել են աշխատանքից, քանի որ ծեծի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցի: Ըստ թերթի տեղեկությունների` Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետև նրան հրավիրել է իր աշխատասենյակ և դաժանաբար ծեծել:
«Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանեց. «Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը դատախազության համակարգում աշխատանքից ազատվել է 2012թ. օգոստոսի 22-ին` դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու պատճառով»: Արդյոք նա է այն անբարոյականը, որին ակնարկում էր Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ և´ դատախազությունից, և՛ ՀՀ նախագահի նստավայրից հրաժարվեցին նախագահականի բացահայտումներից մանրամասներ հաղորդել:








































