Եվրոպական դատարանը մերժել է Մեծ Բրիտանիայի բողոքը համաեվրոպական ֆինանսական տրանզակցիաների (FTT) դեմ, որը հայտնի է նաև որպես «Ռոբին Հուդի հարկ», հայտնում է BBC News-ը:
Լոնդոնը բողոքում է տվյալ հարկը մտցնելու դեմ՝ համարելով, որ այն սպառնում է իր բանկային ոլորտին:
Դատարանը Մեծ Բրիտանիային առաջարկել է սպասել, մինչ նոր հարկի չափանիշները կընդունվեն այն պետությունների կողմից, որոնք դրա ընդունմանը կողմ են:
Նոր հարկի խնդիրը հավելյալ միջոցների հավաքումն է, ինչպես նաև ֆինանսական շուկաներում սպեկուլյատիվ գործարքների սահմանափակումը:
ԵՄ 27 երկրներից այն հավանության էին արժանացրել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Ավստրիան, Պորտուգալիան, Հունաստանը, Սլովենիան, Սլովակիան ու Էստոնիան:
Հարկը գործելու է այն երկրներում, որոնք այն հավանության են արժանացրել: Չնայած դրան, բրիտանական բանկերը ևս պետք է վճարումներ կատարեն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս հայտարարել է, որ հարկը «վատ գաղափար է» ու չի աշխատելու:









































