ԱՄՆ-ը պատրաստ է 5 մլն դոլարի չափով պարգևավճար տրամադրել չինացի գործարար Լի Ֆանվեյի մասին տեղեկության դիմաց, ով հայտնի է նաև որպես Կարլ Լի: Նրան մեղադրում են Իրանին հրթիռի բաղադրիչ մասեր վաճառելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ ԱՄՆ դաշնային գանձարանը, ցուցադրելով Իրանի վրա ճնշումը շարունակելու Վաշինգտոնի մտադրությունը, հայտարարել է գործարարին պատկանող 8 ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք կասկածվում են Իրանի հրթիռների ստեղծման համար բաղադրիչների վաճառքի մեջ:
Ինչպես հաղորդվում է՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Չինաստանի և ԱՄԷ-ի մի քանի ընկերությունների դեմ, որոնք հավանաբար օգնել են Իրանին շրջանցել զենքի և նավթային ոլորտների դեմ պատժամիջոցները:
Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ սահմանել էր Ֆանվեյի դեմ:








































