Այսօր Հոմս քաղաքի շրջակայքում գտնվող ռազմաբազայի մոտ կատաղի մարտեր են ծավալվել սիրիացի ապստամբների և կառավարական զորքերի միջև: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Զինված ընդդիմադիրները պաշարման մեջ են առել Հոմսից 6 կմ հեռավորության վրա գտնվող Ալ-Մուկբարիա բնակավայրի՝ հրետանային տեխնիկայի վերանորոգման և մատակարարման բազան: Վերջին օրերին այդ բնակավայրից է իրականացվել քաղաքի ծայրամասերի և մոտ գտնվող բնակավայրերի հրետակոծումը: Ապստամբների գնահատականներով՝ իրենց դիմակայություն են ցուցաբերում «տասնյակ» զինծառայողներ:
Պաշարվածներին օգնության է շտապել կառավարական ավիացիան: Հրթիռառումբային հարվածների հետևանքով սպանվել է երկու ապստամբ, ևս 10-ը ստացել են վնասվածքներ: Բազան շարունակում է պաշարված մնալ:
Ավելի վաղ բազայի անվտանգության ապահովման համար զինվորականները բուլդոզերներով ավերել էին բնակավայրի շինությունների զգալ մասը: Շնորհիվ այդ քայլի՝ հարձակվողները զրկված էին հակառակորդի կրակից թաքնվելու հնարավորությունից:







































