Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է անում այլ ժողովուրդների դեմ ագրեսիայի ակտեր իրականացնող իսրայելական ավիացիայի համար փակել սեփական օդային տիրույթը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Վերջինս կտրուկ քննադատել է միջազգային կառույցներին ու արևմտյան երկրներին՝ կապված տարածաշրջանի երկրների դեմ ուղղված Իսրայելի ագրեսիվ ակտերի հետ, ինչը, մասնավորապես, վերաբերում է Սուդանի մայրաքաղաք Խարտումում իսրայելական 4 մարտական ինքնաթիռների կողմից Յարմուկի համալիրի դեմ կատարված հարձակմանը:
Մեհմանպարաստը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել դատապարտել Իսրայելին՝ Սուդանի ինքնիշխանության խախտման ու գործարանի ռմբակոծման համար, ինչի հետևանքով գրանցվել էին մարդկային զոհեր: Ըստ Մեհմանպարաստի՝ ՄԱԿ-ը և ՄԱԿ ԱԽ-ը պետք է համապատասխան ձևով արձագանքեն տվյալ փաստին:
Մեհմանպարաստը հերքել է նաև սուդանյան ռմբահարված զինագործարանի և Իրանի միջև կապերի առկայությունը՝ ընդգծելով, որ լուրերն այդ մասին տարածում է Իսրայելը՝ իր հանցագործությունը կոծկելու համար:









































