Ռուսաստանը ոչ թե հետ է քաշվել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացից, այլ մյուս միջնորդներին էլ է հնարավորություն տալիս առաջ տանել իրենց մոտեցումները հակամարտության լուծման հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում Ֆրանսիայի՝ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը:
«Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ համանախագահող երկրներից Ֆրանսիան այս փուլում նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում: Ինչո՞ւ է տրամաբանական. որովհետև մի կողմից այստեղ մեծ հայկական համայնք կա, մյուս կողմից էլ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատմությունից հետո թուրքական և ադրբեջանական կողմերը փորձում էին Փարիզին բացառել բանակցային գործընթացից: Այդ պատճառով երկրի նոր ղեկավարությունը փորձում է ապացուցել, որ Փարիզն ի վիճակի է փոխզիջման գնալ՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի հետ: Թե որքանով այդ գործընթացը կհաջողվի, դեռ պարզ չէ»,- ասաց Վլասովը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ռուսաստանն այս փուլում հակամարտության լուծման հարցում պասիվ կեցվածք ընդունել այն դեպքում, երբ նախքան Ռուսաստանի նախագահական ընտրությունները հայտարարվում էր, որ ընտրություններից հետո հարցին ավելի մեծ ուշադրություն կդարձվի, Ալեքսեյ Վլասովն ասաց, որ միայն հակամարտող երկրների նախագահների հանդիպումները կազմակերպելը չէ բանակցային տարբերակ: Ըստ նրա՝ կան այլ հարթակներ, օրինակ՝ օրերս Մոսկվայում կայացել է հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը:
«Ես կարծում եմ, որ չարժե ասել, թե Մոսկվան բանակցային գործընթացից հետ է գնացել: Ավելի շուտ կարելի է ասել, որ եթե Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարման ժամանակ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի ուղիղ հանդիպումն էր կազմակերպվում, ապա այսօր՝ Պուտինի կառավարման ժամանակ, կիրառվում են ոչ հրապարակային ձևաչափեր, որոնք նպաստում են հիմնախնդրի լուծմանը: Այսինքն՝ Ռուսաստանը ոչ թե հետ է քաշվել, այլ ուրիշ գործիքներ է կիրառում»,- ընդգծեց Վլասովը:










































