Այսօր Մինսկում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանդիպումը՝ պետությունների ղեկավարների մակարդակով: Հանդիպմանը մասնակցելու համար Բելառուսի մայրաքաղաք կժամանեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Պետությունների ղեկավարները պետք է պատասխան տան հարցին՝ Եվրասիական տնտեսական միությունը կկայանա՞, թե՞ ոչ: Բելառուսցի փորձագետները չեն բացառում սկանդալի հնարավորությունը՝ գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Օրակարգում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի վրա աշխատանքի ընթացքի քննարկումը, ինչպես նաև Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») իրագործումը»,- հայտարարել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:
Հաղորդվում է, որ Լուկաշենկոն Պուտինի ու Նազարբաևի հետ կշփվի երկկողմ ձևաչափով: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ երկկողմ հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել առևտրատնտեսական համագործակցության հարցերը, մասնավորապես՝ Բելառուսում ԱԷԿ-ի շինարարության նախագծի իրականացումն ու իրավիճակն Ուկրաինայում:
Երեկ, խոսելով հիմնական օրակարգի մասին, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս է հայտնել, որ նախագահներին կհաջողվի վերացնել բոլոր տարաձայնությունները Եվրասիական միության պայմանագրի շուրջ: Եվրասիական տնտեսական միությունը պետք է գործի 2015-ի հունվարի 1-ից, իսկ դրա ստեղծման մասին պայմանագիրը ծրագրվում է ստորագրել մայիսի վերջին: Որպեսզի դա հնարավոր դառնա, այսօր պետությունների ղեկավարները պետք է վերացնեն բոլոր հիմնական խնդրահարույց հարցերը: Բելառուսի փորձագետներն ու քաղաքական ակտիվ հասարակությունն Ուշակովի լավատեսությունը չեն կիսում:
Մինսկի համար գլխավոր հարցն այն է, որ մաքսատուրքերը չեղյալ հայտարարվեն: Փորձագետների հոռետեսությունն այսօրվա հանդիպման հեռանկարների վերաբերյալ հիմնված է ոչ միայն իր դիրքերի ուժի մեջ Լուկաշենկոյի վստահության, այլև զիջումների չգնալու Մոսկվայի պատրաստակամության վրա:
Դաշնակիցները միակարծիք չեն նաև ուկրաինական իրադարձությունների հարցում: Լուկաշենկոն խոստովանում է, որ Ղրիմը ռուսական տարածք է միայն դե ֆակտո:









































