Ադրբեջանում ձերբակալվել են իրավապաշտպան Լեյլա Յունուսը և նրա ամուսինը՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը: Այս մասին Turan գործակալությանը տեղեկացրել է փաստաբան Ֆուադ Աղաևը:
Փաստաբանը նշել է, որ Լեյլա և Արիֆ Յունուսները ձերբակալվել են Բաքվի օդանավակայանում, երբ պատրաստվում էին մեկնել Դոհա:
«Նրանք մինչ այժմ օդանավակայանի տարածքում են: Ներկա պահին խուզարկվում է նրանց ուղեբեռը: Ավելի ուշ կխուզարկվեն նրանց բնակարանն ու գրասենյակը»,- ասել է փաստաբանը:
Հաղորդվում է, որ իրավապաշտպանները ձերբակալվել են Ռաուֆ Միրկադիրովի գործով, որն ավելի վաղ ձերբակալվել էր Անկարայում: Ըստ դատախազության՝ Միրկադիրովը 2008թ. ապրիլից համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ և բազմակի հանդիպումների ժամանակ տեղեկություններ է փոխանցել նրանց երկրի ռազմական և հասարակական-քաղաքական վիճակի, այդ թվում, պետական գաղտնիք ներկայացնող տեղեկություններ՝ լուսանկարներով ու սխեմաներով:









































