Այսօր Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակի առթիվ 2 րոպե տևողությամբ շչակի ազդանշան է հնչել: Դրանից հետո երկրում հիշատակի արարողություններ են սկսվել՝ նվիրված 6 մլն հրեաներին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհվել են նացիստների ու նրանց հանցակիցների ձեռքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հիշատակի գլխավոր արարողությունն անցկացվում է Երուսաեղմում Հոլոքոստի ուսումնասիրման թանգարանա-հետազոտական «Յադ Վաշեմ» կենտրոնում: Կնեսետում կկայանա արարողություն՝ «Յուրաքանչյուրն անուն ունի» նշանաբանի ներքո, որի ժամանակ կընթերցվեն զոհերի անունները:
Հոլոքոստի և հրեա ժողովրդի հերոսության հիշատակման օրը սահմանվել է Իսրայելում՝ ի հիշատակ նացիստների կողմից ոչնչացված հրեաների: Այն նվիրված է վարշավյան գետտոյում ապստամբության ամսաթվին (1943-ի ապրիլի 19-ից մայիսի 16):








































