Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև սեպտեմբեր փաստացի վերացնելը կառավարությանն ու հանրությանը կանգնեցնում է նոր խնդրի առջև՝ 5-6 ամսում որոշակիացնել, թե ինչպիսին պետք է լինի կամ կարող է լինել Հայաստանում կենսաթոշակային համակարգը: Մի քանի տարբերակներ կան՝ սկսած պարտադիր կուտակային համակարգի որոշ ձևափոխումներից մինչև պարզապես հարկերը ավելացնելը: Փորձենք ուրվագծել դրանք:
1. Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ Հայաստանում այնուամենայնիվ ներդրվում է, սակայն վերաբերում է բացառապես շուկա նոր մուտք գործող աշխատողներին: Չիլիում հենց այսպես էլ արվել է՝ համակարգը ներդնելու պահին այն չի վերաբերել այդ պահին աշխատողներին, այլ վերաբերել է միայն այն երիտասարդներին, ովքեր առաջին անգամ են մուտք գործել(ու) աշխատաշուկա: Այս տարբերակի դեպքում հանրային դժգոհությունն ու դիմակայությունը էականորեն կնվազի, նույնիսկ կարող է վերանալ: Որովհետև այս պահին ակտիվորեն դժգոհողները գերազանցապես կայացած ու բարձր վարձատրություն ունեցող ծրագրավորողներն են, որոնք ընդամենը ուզում են, որ համակարգն իրենց չվերաբերի: Իսկ նույն ծրագրավորման ոլորտ նոր մուտք գործող երիտասարդները դժվար թե լրջորեն մտահոգվեն 5%-ով, նրանց մտահոգության հիմնական առարկան փորձ ձեռք բերելը, կայանալն ու բարձր վարձատրության հասնելն է:
Որքան էլ որ գրավիչ լինի այս տարբերակը, այն իրագործելը կարող է չափազանց բարդ լինել՝ այսպես ասած «տեխնիկական» պատճառներով: Այսպես, եթե 5% գումար գանձվի միայն շուկա առաջին անգամ մտնողներից (5% էլ պետությունը տա), ապա այդ գումարները կլինեն չափազանց փոքր այն բանի համար, որ հետաքրքրեն միլիարդների շրջանառություն ունեցող ու կայուն ընկերություններին (ակտիվների կառավարիչներին, որոնք համաձայնել են մտնել Հայաստանի շուկա): Ավելին` տվյալների բազայի ու ընդհանրապես համակարգի գործարկումը որոշակի ծախսերի հետ է կապված, և եթե մի քանի հարյուր միլիոն տարեկան հոսունություն ապահովելու փոխարեն մի քանի միլիոն դոլար շրջանառվի, ապա միավորի հաշվով ծախսերը բավականին մեծ կլինեն: Այնուամենայնիվ, կարծում ենք՝ մասնագիտական լուրջ ուսումնասիրությունների ու քաղաքական կամքի դեպքում կարելի կլինի իրագործել այս տարբերակը:
2. Պարտադիր կուտակային համակարգը կներդրվի ու կվերաբերի 1974թ. հետո ծնվածներին, սակայն որոշ մեղմացումներով: Մեղմացում, օրինակ, կարող է լինել այն, որ բոլոր երիտասարդներին հնարավորություն տրվի վերցնել իրենց կուտակած միջոցները 10-15 տարի հետո՝ գոնե մասամբ: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բազմիցս է խոսել այն մասին, որ չի կարելի 40 տարով մարդուն պատկանող գումարը պարտադիր վերցնել, և որ աշխարհում նման նախադեպ չկա: Կարելի է վերցնել 10 տարով, 15 տարով, բայց ոչ 30-40 տարով: Այս դեպքում մարդիկ իրենց թոշակը կուտակելու հարցով լրջորեն կզբաղվեն միայն 40-45 տարեկանից հետո, ինչը շատ տրամաբանական է: Նման դեպքում կուտակված գումարը կարող է մի փոքր քիչ լինել՝ արժանապատիվ թոշակ ապահովելու համար, բայց խնդիրը կարող է լուծվել՝ պետության կողմից մի փոքր մեծ բազային թոշակ նշանակելու պարագայում: Մեղմացման բազմաթիվ այլ ձևեր կան՝ նվազեցնել վճարի չափը՝ երիտասարդների համար, վճարի մի մասը դնել գործատուների վրա և այլն:
3. Պետության դերը էականորեն կարող է մեծացվել՝ կուտակային բաղադրիչի պահպանման պարագայում: Նմանատիպ մի տարբերակ էր առաջարկել ՀԱԿ-ը 2010-ին՝ կենսաթոշակային բարեփոխումների իր ծրագիրը ներկայացնելիս: Սա կենսաթոշակային համակարգը գերազանցապես պետական մի բան էր դարձնում (Տիգրան Սարգսյանի նախատեսած մասնավոր տարբերակի փոխարեն), ինչն աշխարհում բավականին տարածված է: Այս դեպքում գումարների տնօրինման հարցում պետության դերն ու նշանակությունն էականորեն բարձրացվում է՝ կուտակային բաղադրիչի պահպանմամբ:
4. Կարելի է ընդհանրապես հրաժարվել կուտակային համակարգից ու անցում կատարել հին՝ սերունդների համերաշխության սկզբունքին՝ հարկերի բարձրացմամբ: Սերունդների համերաշխության սկզբունքը (առանց հարկերի բարձրացման) լավ լուծում կլիներ միայն այդ դեպքում, եթե իշխանությունը կարողանար էականորեն նվազեցնել գործազրկությունն ու արտագաղթը, ինչի պարագայում ներկայիս 500 հազար աշխատողի փոխարեն երկրում կարելի էր ունենալ մինչև 1 միլիոն աշխատող (չափահաս բնակչության մոտ կեսի չափ): Այս դեպքում 2 աշխատողին բաժին կընկներ 1 թոշակառու, ինչի պարագայում համակարգի աշխատանքը հնարավոր կլիներ: Բայց իշխանություններն իրենք են հասկանում, որ ի վիճակի չեն էականորեն կրճատել գործազրկությունն ու չեն կարող Հայաստանում պահել արտագնա աշխատանքի մեկնողներին (և արտագաղթողներին): Այդ պատճառով՝ եթե հանկարծ այս համակարգին անցնելու որոշում կայացվի, ապա իշխանությունը ստիպված է լինելու էականորեն բարձրացնել հարկերը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պարտադիր վճարները ինչ-որ տուրքով փոխարինելու կամ եկամտային հարկն ավելացնելու տարբերակը այս իշխանությունների կողմից դիտարկվող ամենահավանական տարբերակն է համարում: Ըստ նրա՝ ինչպես Սահմանադրական դատարանի որոշումը, այնպես էլ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությունը դա են հուշում:
Լուսանկարը՝ Photolure-ի








































