ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի դեմ միջոցառումները: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:
«Փոխնախագահը կրկնել է իր կարծիքը, որ ԱՄՆ-ը և իր գործընկերները պետք է պատրաստ լինեն պատժամիջոցներ սահմանել մասնավոր անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք աշխատում են ռուսական տնտեսության կոնկրետ ոլորտներում, եթե Մոսկվան ռազմական ճանապարհով միջամտի Ուկրաինայի իրադարձություններին»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Նշվում է, որ Սոբոտկան համաձայնել է այդ կարծիքի, ինչպես նաև Բայդենի այն մեղադրանքի հետ, որ Ռուսաստանը չի հետևում ժնևյան համաձայնությանը` Ուկրաինայում լիցքաթափման վերաբերյալ: Օրբանի առնչությամբ նման տեղեկություն չկա:










































