Ֆիլիպինների նախկին նախագահ Գլորիա Մակապագալ Արոյոն, որը մեղադրվում է բարեգործական հիմնադրամից շուրջ 9 մլն դոլարի յուրացման մեջ, այսօր տեղի ունեցած դատական նիստում հայտարարել է իր անմեղության մասին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Philippine Charity Sweepstakes Office հիմնադրամից գումարի յուրացումներից բացի՝ Արոյոյին մեղադրում են 2007-ի սենատի ընտրություններում խարդախություններ կատարելու համար:
Նախկին նախագահի ձերբակալման օրդեր է տրվել 2012-ի հուլիսին: Նա ձերբակալվել է, սակայն այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվել: Հոկտեմբերի սկզբին նրան ձերբակալել են հիվանդանոցում, որտեղ գտնվում էր հիպերտոնիայի և ջրազրկման պատճառով: Դատական նիստին 65-ամյա Արոյոն բերվել է զինվորական հիվանդանոցից:
Գումարների յուրացման գործով ձերբակալման օրդեր է տրվել նաև հիմնադրամի ղեկավարների և նախկին աշխատակիցների ձերբակալման համար:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համակուրսեցի (Ջորջթաունի համալսարան) Արոյոն պետության ղեկավար է դարձել 2001 թվականին, երբ զանգվածային բողոքներից հետո հրաժարական տվեց Ջոզեֆ Էստրադան: Այնուհետև Էստրադան դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 77 մլն դոլարի ապօրինի յուրացման համար: 2007-ին Արոյոն նրան ներում է շնորհել:
Երկրորդ անգամ Արոյոն հաղթել է 2004-ին կայացած ընտրություններում և պաշտոնավարել մինչև 2010 թվականը:









































