1900 թ. հոկտեմբերի 28-ին Փարիզում ավարտվել են երկրորդ Օլիմպիական խաղերը, որոնք տևել են հինգ ամիս: Օլիմպիադայի անցկացման համար Փարիզի ընտրությունը պայմանավորված էր երկու հանգամանքով. այդ քաղաքում է հռչակվել օլիմպիական խաղերի վերածնունդը, խաղերի անցկացման նախաձեռնող բարոն Պիեռ դե Կուբերտենի արժանիքները ճանաչվել են ողջ քաղաքակիթ աշխարհի կողմից: Հատուկ մարզադաշտի բացակայության պատճառով մրցումներն անցկացվել են Բուլոնի անտառի մարզական հրապարակում: Այս մասին հայտնում է calend.ru-ն: Լողորդները, սուսերամարտիները, աթլետները, թենիսիստները մրցել են փարիզի տարբեր հաստատություններում:
Երկրորդ Օլիմպիադան սկսվել է մայիսի 14-ին: Այն անցկացվել է համաշխարհային ցուցահանդեսին զուգընթաց, ինչը չափազանց ձգձգել է խաղերի անցկացման ժամկետը: Մրցումներին մասնակցել է 1300 մարզիկ 21 երկրից: Առաջին անգամ Օլիմպիադայում մրցել են կանայք (թենիս և գոլֆ): Առաջին օլիմպիական չեմպիոնուհի է դարձել թենիսիստուհի, անգլուհի Շառլոտա Կուպերը:
Երկրորդ Օլիմպիադայի ծրագրում ներառվել էին բազմաթիվ մարզաձևեր, որոնք ժամանակի ընթացքում մեծ ժողովրդականություն են ձեռք բերել`թիավարում, ձիասպորտ, ֆուտբոլ, նետում և այլն:
Ընդհանուր առմամբ խաղարկվել է 88 ոսկե մեդալ, որից 26-ը բաժին է հասել ֆրանսիացի մարզիկներին, 20-ը` ԱՄՆ-ին, 17-ը` Մեծ Բրիտանիային:









































