Միչիգանի և Արգենտինայի գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարանների գիտնականները բացատրել են «բումերանգի» կամ վերադարձող կիլոգրամների երևույթը: Նրանք պնդում են, որ որքան շատ է մարդն ապրում ավելորդ քաշով, այնքան ավելի դժվար է այն պակասեցնելը, և ավելի մեծ է դիետաներից ու նիհարեցնող միջոցառումներից հետո նորից գիրանալու հավանականությունը:
Կրծողների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ երկար ժամանակ ոչ նորմալ, ավելորդ քաշ ունենալուց հետո ներքին ցուցիչների նորմայի փոփոխություն է նկատվել: Այսինքն` օրգանիզմն «ընտելանում է» ավելորդ կիլոգրամներին և չի ուզում բաժանվել դրանցից: Ավելին` քաշը նվազեցնելու բոլոր փորձերն ընկալում է որպես «տագնապի ազդանշան» և սկսում է պաշտպանվել` ամեն կերպ պահպանելով ստացած կիլոգրամները, գրում է The Times of India-ն:
Շատ դեպքերում ճարպակալման հակումը ձևավորվում է վաղ մանկությունից: Եվ որքան վաղ տարիքում մարդը խուսափի շատ ուտելուց ու օրգանիզմին սովորեցնի կալորիաների չափավոր օգտագործման, այնքան մեծ է հավանականությունը, որ ուղեղում «քաղցի կենտրոնը» նորմալ կգործի ամբողջ կյանքում:











































