Ջեյմս Բոնդի մասին «007. Սքայֆոլի կոորդինատները» նոր ֆիլմի սցենարիստ Ջոն Լոգանը սկսել է սուպերհերոսի մասին նոր ֆիլմի վրա աշխատել: Այս մասին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով` Բոնդի մասին ֆիլմաշարի 24-րդ սերիան էկրան կբարձրանա 2014-ին:
Սուպերհերոսի մասին հերթական ֆիլմի նկարահանումները կսկսվեն մի քանի ամիս հետո` բրիտանական Pinewood Studios կինոստուդիայում, որտեղ նկարահանվել են Բոնդի մասին պատմող նախորդ ֆիլմերը: Նոր ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում, դրան ծանոթ են միայն Ջեյմս Բոնդի վերջին դերակատար Դենիել Քրեյգն ու պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնն ու Բարբարա Բրոկոլին:
«Ես չէի ուզենա նորից Բոնդ լինել: Ես մինչև հիմա չեմ հասկանում` ինչու են նրանք հենց ինձ վերցրել»,- վերջին սերիայի պրեմիերայի ժամանակ հայտարարել է Քրեյգը:
Նա ասել է, թե հնարավոր է` դա լավ շարունակություն է, սակայն «ինձ թվում է` նրանք ոչ ճիշտ տղայի են ընտրել»:








































