Երեկ Կոստա Ռիկայում ավարտելով այցելությունը լատինամերիկյան երկրներ` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Փարիզ, որտեղ շաբաթ օրը նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ՀՀ ԱԳՆ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սան Խոսեում Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Կոստա Ռիկայի խորհդարանի` Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Էմիլիո Գրանադոս Կալվոյի, օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների և արտաքին առևտրի հանձնաժողովի նախագահ Մարիա Ժանետե Ռուիզ Դելգաոյի և արտաքին հարաբերությունների նախարար Խոսե Էնռիկե Կաստիլո Բառանտեսի հետ։
Կոստա Ռիկայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը ասել է, որ իր այցելության գլխավոր նպատակը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ նոր կապեր հաստատելն է։
Հայաստանի արտգործնախարարը Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծելով, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, որոնք արտահայտվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում, սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է արված առաջարկները:
«Որքան Ադրբեջանը, փորձելով պահպանել ստատուս քվոն, կշարունակի խոչընդոտել հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված եռանախագահների ջանքերը, այնքան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունված ողջունելի բանաձևի նման նորանոր որոշումներ կընդունվեն, որոնք ճանապարհ կհարթեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար», – հայտարարել է Նալբանդյանը:









































