Փոթիի նավահանգստի աշխատակիցներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել: Այս մասին հայտարարել է նավահանգստի արհմիութենական կազմակերպության նոր նախագահ Կոկա Սաջայան:
Վերջինիս խոսքերով՝ առավոտյան ժամը 09.00-ից սկսած՝ նավահանգստի մոտ հազար աշխատակիցներ դադարեցրել են իրենց աշխատանքը: Գործադուլն անցկացվում է նավահանգստի տարածքում և շարունակվելու է այնքան, մինչև որ չբավարարվեն աշխատավորների պահանջները:
Սաջայան ընդգծել է, որ մինչ այս նավահանգստի վարչակազմը չի բավարարել աշխատավորների և ոչ մի պահանջ՝ անգամ ամենատարրական պահանջները, ինչպիսին է, օրինակ, արտաքնոցների տեղակայումը:
Փոթիի նավահանգստի աշխատակիցները երեկ են ստեղծել արհմիութենական կազմակերպություն, որի ղեկավարությունը բաղկացած է 17 մարդուց: Արհմիությունը պահանջում է աշխատավարձի բարձրացում և աշխատանքային նորմալ պայմանների ապահովում:








































