Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր հրապարակեց Արա Կիրակոսյանի և Արմեն Ալեքսանյանի գործով դատավճիռը:
49-ամյա Արա Կիրակոսյանը ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի պետի օգնական էր, ոստիկանության մայոր, իսկ 42-ամյա Արմեն Ալեքսանյանը նույն բաժնում վարորդ էր, ոստիկանության ավագ:
2012 թվականի հունիսի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում Կիրակոսյանը, Ալեքսանյանը ու ոստիկանության ևս մեկ մայոր, ոգելից խմիչք օգտագործած վիճակում և ոստիկանի համազգեստով Արմենակյան փողոցում գտնվող «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու տարածք են մտել: Տեսնելով, որ մարդիկ մոմ են գնում՝ Ալեքսանյանը վրդովվել է ու հայտարարել, թե եկեղեցին մոմի բիզնեսով է զբաղվում՝ իր իսկական գործը թողած:
Ոստիկանները մոմի վաճառքի շուրջ վիճաբանության մեջ են մտել եկեղեցու պահակ, տվյալ պահին մոմ վաճառող Հարություն Ավետիսյանի հետ: Հարբած վիճակում, չտիրապետելով իրենց ու չկառավարելով իրենց գործողությունները, անտեսելով, որ ոստիկան են ու ոստիկանի համազգեստով՝ Կիրակոսյանն ու Ալեքսանյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել եկեղեցու տարածքում գտնվող մարդկանց նկատմամբ, հայհոյելով սկսել են ծեծել պահակ Ավետիսյանին: Պահակը վայր է ընկել, նրան շարունակել են ոտքերով խփել:
Ալեքսանյանը ծեծելով հոխորտացել է՝ արա, տեղը չբերի՞ր: 2-րդ կարգի հաշմանդամ, Արցախի ազատամարտի մասնակից, նախկին դիպուկահար Հարություն Ավետիսյանը ոչ միայն աջ, ապա ձախ այտին էր հարված ստացել, այլև ամբողջ մարմնի վրա էր զգացել հարբած ոստիկանների ոտքերի ու ձեռքերի ուժը: Ոստիկանական ծեծի արդյունքում տուժողը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ստացել է հետևյալ վնասվածքները. ձախ բազկի շրջանի արյունազեղում, աջ աչքի անկյան, ստորին ծնոտի աջ կեսի, աջ արմնկահոդի շրջանի քերծվածքներ: Ծեծի արդյունքում ջարդվել են պրոթեզավորված ատամները, ծոցագրպանում դրված ակնոցը, սրվել են Ավետիսյանի խրոնիկ հիվանդությունները:
Տուժողը, այնուամենայնիվ, հնար է գտել ու ահազանգել միջադեպի մասին, և շուտով դեպքի վայր են եկել օրինապահ ոստիկանները ու տարել եկեղեցու բակում խուլիգանություն կատարող ու մարդ ծեծող անօրեններին:
Նախաքննական մարմինը Արա Կիրակոսյանին և Արմեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրել բռնության գործադրումով կատարված խուլիգանության համար: Մեղադրյալները հեռացվել են ոստիկանության համակարգից: Դեպքին ներկա երրորդ մայորի մեղքը չի ապացուցվել, նա, ըստ գործի նյութերի, փորձել է ընկերներին հեռացնել տուժողից:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ոստիկաններն ընդունել են իրենց մեղքը և միջնորդել են դատաքննության արագացված կարգ կիրառել: Նրանք հայտնել են, թե զղջում են կատարվածի համար ու ակնկալում են հնարավորինս մեղմ պատիժ:
Տուժողը մեր զրույցի ընթացքում ասաց, թե դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, վիճակն այնքան վատ է եղել, որ պառկեցրել են վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցում գտնվելու ամբողջ ընթացքում մեղավոր կողմից ոչ ոք նրան չի այցելել, չեն փորձել ինչ-որ կերպ հատուցել պատճառված վնասը, բուժման համար կատարված ծախսերը:
Տուժող Ալեքսանյանը մեր զրույցի ընթացքում ասաց նաև, որ կատարվածի պատճառով վիրավորվել է ոչ միայն մարմինը, այլև արժանապատվությունը: Նա ասաց, թե բազմաթիվ մարտական պարգևներ ունի, Արցախի ազատամարտի ամբողջ ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին, դիպուկահար է եղել, մարտական ընկերներ է կորցրել ու չի պատկերացրել, որ օրերից մի օր անմարդկային վերաբերմունքի կարժանանա օրենքի հայրենի պաշտպանների կողմից, այն էլ՝ սուրբ եկեղեցու բակում: Հարություն Ավետիսյանը անընդունելի է համարում ոստիկանի համազգեստով հարբած մարդկանց «դեբոշը» եկեղեցու տարածքում: Շատ վատ է զգում, որ միջադեպին ներկա էին Սանկտ Պետերբուրգից ժամանած հյուրեր, հայ կանայք, որ այդ ժամին եկեղեցի էին եկել ու ցանկանում էին մոմ վառել:
Կատարվածը, իրոք, ծանր հանցանք է, առավել ևս ծանր, որ բռնություն գործադրողները կրել են օրենքի պաշտպանությանը, բռնություններից մարդկանց պաշտպանությանը կոչված ոստիկանի համազգեստ ու իրենց հանցավոր ոտնձգությամբ, խուլիգանական գործողություններով, անսթափ հայհոյախոսությամբ արատավորել են ոչ միայն իրենց կենսագրությունը, այլև «համազգեստի պատիվ» ասվածը, սասանել են մարդկանց՝ առանց այն էլ ոչ մեծ հավատը ոստիկանների նկատմամբ:
Դատարանը, բավարարելով ամբաստանյալների ու նրանց պաշտպանների միջնորդությունը, հաշվի առնելով մեղադրողի կարծիքը, դատաքննությունն անցկացրեց արագացված ընթացակարգով: Մեղադրողը, որպես ամբաստանյալների պատիժ, միջնորդեց 3 տարի ազատազրկում:
Ամբաստանյալները խնդրեցին ներողամիտ լինել ու մեղմ պատիժ սահմանել: Իր վերջին խոսքում Արմեն Ալեքսանյանն ասաց. «Միամիտ ստացվել է, էլ չի կրկնվի: Շատ եմ խնդրում՝ մեղմ վարվեք»:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Տուժողի հարազատներից մեկը սպասելու ընթացքում ասաց. «Երկու ամիս է գնում-գալիս ենք: Սա որ արագացվածն էր, բա որ դանդաղացված լիներ՝ ինչքան էր տևելու»:
Սպասման ժամերը, որ դատավորի համար մտորելու ժամեր էին, անցան: Հրապարակվեց դատավճիռը:
Արա Կիրակոսյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս, Արմեն Ալեքսանյանը՝ 2 տարի ազատազրկման: Վերջինս շատ տարակուսեց, որ իր պատիժը վեց ամսով ավելի էր Կիրակոսյանի պատժից: Վիճաբանությունը, ըստ գործի, սկսել էր Ալեքսանյանը և ավելի ակտիվ էր եղել հաշմանդամ պահակին ծեծելու ժամանակ: Ընդ որում՝ մոմի բիզնեսի դեմ ընդվզող, ոստիկանության ավագի կոչում ունեցող Ալեքսանյանն ընտանիքի հոգսերը հոգալու համար ոստիկանությունում ծառայությանը զուգահեռ, ծառայությունից ազատ ժամերին աշխատել է տաքսի ծառայությունում: Փաստորեն հասցրել է գործընկեր սպաների հետ նաև իրեն կորցնելու աստիճան խմել ու մարդ ծեծել եկեղեցու հայացքի ներքո:







































