Սեպտեմբերի վերջին վարչապետի որոշմամբ ՕԵԿ-ական Նելսոն Զուլոյանը նշանակվեց Առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ»-ի տնօրենի պաշտոնակատար: Հայտնի է, որ մինչ այդ ԾԻԳ-ը ղեկավարում էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին, ով այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավարն է:
Դերենիկ Դումանյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե կոալիցիոն համաձայնությո՞ւնն է հաշվի առնվել ԾԻԳ-ի նոր ղեկավարի ընտրության հարցում, թե՞ միջնորդություն է եղել: «Չէ՛, ես միջնորդություններ այդքան հակված չեմ ընդունել: Ես չեմ սիրում միջնորդություններ ոչ անել, ոչ ընդունել: Ես նրա մասնագիտական ունակությունները գնահատեցի, հետո նաև միգուցե էստեղ համընկավ, որ ինքը նաև ՕԵԿ կուսակցության ներկայացուցիչ էր: Իր թեկնածությունը ես եմ առաջարկել կառավարությանը»,- ասաց նախարարը: Դումանյանին հարցրինք նաև, թե իր կարծիքով` արժանի՞ հետնորդ է գտել իր որդուն: «Մասնագիտական առումով` այո՛»,- ասաց Դումանյանը:








































