Ահաբեկչական կազմակերպությունների անդամները գնալով ավելի ակտիվորեն են օգտագործում Facebook սոցիալական ցանցը համախոհներ հավաքելու համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի «Համացանցի օգտագործումը ահաբեկչական նպատակների համար» հաշվետվության մեջ, որը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին:
Ծայրահեղական հռետորաբանության տարածումը, բռնության գործողությունների արդարացումը առցանց ծառայություններում հիմնական ուղղություններից մեկն է: Facebook-ից բացի, նման տեղեկության տարածման համար օգտագործվում է Twitter-ը և YouTube-ը: Նշված ընկերությունների ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ՄԱԿ-ի զեկույցը:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, զեկույցը ներկայացվել է Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ հավաքվել էին հակաահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության ղեկավար Հանս Գեորգ Մաասենը միջոցառմանը հայտարարել է, որ սոցիալական ցանցերը գնալով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում: Նա նկատել է, որ ահաբեկիչները կարող են դրանց միջոցով կապեր հաստատել՝ անկախ այն բանից, թե որտեղ են իրենք գտնվում:
Ահաբեկչության նպատակներով համացանցի կիրառման մասին առաջին անգամ չէ, որ հիշատակվում է: Այսպես, 2012 թ. սեպտեմբերին Ավստրալիայի ՊՆ-ն հանդես եկավ հաշվետվությամբ, ըստ որի՝ թալիբները Facepook-ում գեղեցիկ կանանց լուսանկարներով կեղծ հաշիվներ են բացում, ծանոթանում զինվորների հետ և նրանցից տեղեկություն հավաքում:








































