Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վարաժ Մանուկյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Վարաժ Մանուկյանը երկու և ավելի մարդկանց սպանելու դիտավորությամբ դանակահարել էր Դավիթ Օհանյանին և Հակոբ Բուդաղյանին: Օհանյանը կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք էր ստացել և մահացել, իսկ Բուդաղյանը աղու, ստոծանու վնասումով, ներքին արյունահոսությամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ու բժիշկները փրկել էին նրա կյանքը: Սպանության և սպանության փորձի համար է մեղադրվում 25-ամյա Վարաժ Մանուկյանը:
Այսօրվա դատական նիստն սկսվեց այն իրավիճակի արձանագրումով, որ վկաները, որոնց չներկայանալու պատճառով դատարանը ստիպված էր եղել բերման որոշումներ կայացնել, հիմա էլ չէին ներկայացվել: Դատավորի սեղանին էին ոստիկանության տրամադրած մի քանի տեղեկանք, ըստ որոնց՝ հնարավոր չէր եղել նշված վկաներին բերման ենթարկել, որովհետև նրանք իրենց բնակության հասցեում չէին եղել, ու նրանց գտնվելու վայրը պարզել ոստիկանության աշխատակիցը չէր կարողացել:
Մասնավորապես, հետաքրիր էր, որ վկաներից երեքի մայրերը բանավոր հայտարարել էին, թե իրենց զավակները Երևանում չեն, ու նրանց գտնվելու հասցեն իրենք չգիտեն: Վկա Հմայակի մայրն ասել էր, թե որդին Գյումրիում է, բայց չգիտի՝ Գյումրիում՝ որտեղ: Դատարանը հարցում էր արել Գյումրի: Այնտեղից ոստիկանությունը պատասխանել էր, թե Գյումրիում այդ Հմայակին գտնել չեն կարողանում, թող ավելի շատ տեղեկատվություն տրամադրվի իրենց, որ փորձեն գտնել:
Դատարանը հայտարարեց, թե չի կարող միջնորդ լինել ոստիկանության տարբեր ստորաբաժինների միջև: Ինքը հանձնարարել է բերման ենթարկել վկաներին, ուրեմն պետք է հստակ պատասխան ստանա: Վկաների չներկայանալու պատճառով դատական այս հերթական նիստն էլ դատարանը որոշեց հետաձգել ու մեկ անգամ ևս միջոցներ ձեռնարկել, որ վկաները բերման ենթարկվեն, ու ապահովվի նրանց ներկայությունը: Ի վերջո, նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները կարող են հրապարակվել, սակայն կողմերը այդ դեպքում զրկվում են վկային հարցեր տալու, վկայությունը անմիջականորեն լսելու և ծագած հարցերը պարզաբանելու հնարավորությունից:
Վկաների ներկայանալը դատարան, նրանցից հոդաբաշխ ցուցմունք լսելը այսօր դատարանների համար դարձել է խնդիր: Մարդիկ չեն ուզում վատամարդ լինել՝ իրենց կարծիքով, բայց այդ դիրքորոշումով վնասում են արդարադատության կայացման կարևոր գործին: Վկաների չներկայանալու, մի քանի անգամ, բերման որոշում կայացնելով նիստերը հետաձգելու պատճառով դատավարությունները ձգձգվում են, դատարանները՝ ծախսում թանկ ժամանակը՝ նիստեր նշանակելու և հետաձգելու վրա: Կալանավորներին էլ իզուր տանում-բերում են ուղեկցող խմբերով, մեկուսարաններում գնալով ավելանում է ամբաստանյալի կարգավիճակով կալանավորների թիվը:
Այս գործով նիստերին չի ներկայանում նաև տուժողի իրավահաջորդը: Դատարանը որոշեց նրա ներկայությունն ապահովելու համար նույնպես մեկ անգամ ևս համապատասխան միջոցներ ձեռնարկել: Ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կերևա հաջորդ դատական նիստին:







































