ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ երեկոյան ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության, ինչպես նաև Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջարկված ծրագրի նախագնահատման առաքելության աշխատանքային խմբին։
Ողջունելով խմբի ներկայացուցիչներին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ մի քանի ամիս առաջ համատեղ ուրվագծված ծրագրերը նախարարության համար կարևոր և առաջնային են։ Նախարարն առաջին հերթին անդրադարձավ «Ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկում և կառավարում» վարկային ծրագրին։ Այն ենթադրում է բնակչության ռիսկի խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը և այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրերի մշակում և իրականացում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ: Կիրականացվի նաև բնակչության իրազեկման ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի ֆակտորների վերաբերյալ:
Երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով նախատեսվում է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացում, այդտեղ բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծում, Ուռուցքաբանության, ինչպես նաև Վանաձորի նոր բժշկական կենտրոնների կառուցում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրել է, որ նախարար Դումանյանի հետ հունիսին կայացած հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։ Հաստատվել է ծրագրի առաջին բաղադրիչի իրականացման համար թիմի կողմից ներկայացված դրամաշնորհային ծագիրը, որը հնարավորություն կտա իրականացնել վարկային ծրագրի արդյունքների գնահատում և մոնիտորինգ, ինչպես նաև տեխնիկապես հզորացնել ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության տեղեկատվական համակարգը։
Այնուհետև նախարար Դումանյանը ՀԲ-ի երկրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության նախագնահատման առաքելության աշխատանքային խմբի հետ քննարկել է ծրագրով նախատեսվող մյուս բաղադրիչների իրականացման հետ կապված հարցեր։ Խմբի փորձագետները պատրաստակամություն հայտնեցին մինչև իրենց առաքելության ավարտն աջակցել նախարարությանը։
Դերենիկ Դումանյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի ու քննարկումների համար և հույս հայտնել, որ միասին կկարողանան գտնել առաջին հերթին սոցիալապես անապահով խմբերի, երեխաների և կանանց առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման երկկողմանի ընդունելի մոտեցումներ։










































