Մինչև ապոկալիպսիսը, որը պետք է տեղի ունենա մայաների օրացույցի ավարտի հետևանքով, մնացել է երկու ամիս: Հետհաշվարկը մոտենում է վերջնական փուլին, և լրագրողները, գիտնականները, բլոգերներն ու ազոթերիկները որոշել են ևս մեկ անգամ անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսին է լինելու աշխարհի վերջին օրը:
Մինչ աշխարհի վերջի կանխատեսման կողմնակիցները պատմում են գալիք աղետների մասին, գիտնականները հեգնանքով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր հավատում են այդ կանխագուշակումներին, իսկ բլոգերները առաջ են քաշում այլընտրանքային տարբերակներ:
Շատերը վստահ են, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին մարդկությանը սպառնում է ապոկալիպսիս: Այսպիսի եզրակացություն էր արվել` ուսումնասիրելով մայաների օրացույցը: Նրանց պատկերացումների համաձայն՝ հենց այդ օրը պետք է ավարտվի աշխարհստեղծման ամբողջական փուլը, ու շատերի կարծիքով` դա նշանակում է աշխարհի վերջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Reuters-ի հարցումների համաձայն՝ երկրագնդի բնակիչների շուրջ 15 տոկոսը հավատում է, որ աշխարհի վերջը վրա կհասնի այս դարում, իսկ ամեն 10-րդը վստահ է, որ ապոկալիպսիսը տեղի կունենա 2012թ.-ին:
Ապոկալիպսիսի մասին խոսում են ոչ միայն գիտնականները, այլև լամաները, որոնք խորհուրդ են տալիս պատրաստվել ու դիմավորել այն:
Նրանք ապրել ցանկացողներին խորհուրդ են տալիս դեկտեմբերի 21-ի նախօրեին գտնվել գյուղական տեղանքում: Այդ ժամանակ Երկիրը կանցնի «զրոյական գոտիով», ու երկրագնդի վրա չեն լինի էլեկտրականություն ու կապ:
Հողը թեթև կշարժվի, ու փողոցներով կքայլեն ստվերներ, որոնք նման կլինեն մեռյալների:
Երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ կքանդվեն, սակայն հիմնական զոհերը կլինեն խուճապից` կարծում է պատգամախոսը: Իսկ հետո` 2013թ. փետրվարին, մոլորակը կանցնի վերականգնողական շրջան, ու իրավիճակը կկարգավորվի:
Ռունետում նույնպես ծաղրում են ապոկալիպսիսին հավատացողներին:
Գիտնականները վստահ են, որ դեկտեմբերի 21-ին լինելու է սովորական օր, և ոչինչ ավելի:
Discovery-ի լրագրողներից մեկն իր հերթին նշում է, որ կատարյալ հիմարություն է դրանց հավատալը:
Մայաների պատմության փորձագետները վստահ են, որ պետք չէ չափազանցել հին հնդկացիների օրացույցի ավարտը:










































