Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ ըմբոստանում են մի շարք ոլորտների աշխատակիցներ: Երբ Սամվել Բալասանյանը վարորդներին կարգադրեց մուծումներ կատարել համայնքային բյուջե, մի շարք վարորդներ իրենց դժգոհությունն արտահայտեցին: Հոկտեմբերի 19-ին թիվ 26 երթուղու վարորդները երեքժամյա գործադուլ էին հայտարարել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը:
Վ. Թումասյանի փոխանցմամբ՝ վարորդները դժգոհել են, որ Բալասանյանն ասել է, թե վարորդները մուծումներ պետք է անեն ոչ թե ինչ-որ մարդկանց, այլ համայնքային բյուջե: Ըստ նրա՝ մինչ այս գումարները ուղղվել են նրանց, ովքեր ներքին կարգով հարգված են կամ կարողացել են այդ գումարները վերցնել, ուստի այս մարդիկ պետք է շարունակեն ինչ-որ կերպ սնուցման այդ աղբյուրը պահպանել:
Վահան Թումասյանի կարծիքով` համայնքային իշխանությունները, որոնք ստիպում են այդ գումարները համայնքային բյուջե մուծել, պետք է իրավապահ մարմինների հետ զբաղվեն այն հարցով, որ մարդիկ կրկնակի հարկման չենթարկվեն:
«Նույն վիճակը նաև փողոցային առևտրի ոլորտում է: Եթե փողոցում` ինչ-որ մեկի խանութի դիմաց, մեկը առևտուր է անում, գումարն ուղղվում էր այդ մարդուն: Առևտրականներն առայժմ դժգոհություններ չեն հայտնել, բայց որոշակի տեղեկություններ ունեմ, որ բողոքներ կան: Որքանով ես եմ տեղյակ` փողոցային առևտրից մինչև այսօր ոչ մի կոպեկ չի մտել համայնքային բյուջե: Իմ կանխատեսմամբ` ինչպիսի դժգոհություններ եղան վարորդների մոտ, նույն դժգոհությունները կարտահայտվեն նաև ավտոկանգառների և փողոցային առևտրի ոլորտում: Մեծ ցնցումներ չեմ կանխատեսում, բայց կլինեն որոշակի դժգոհություններ: Սակայն տեղական իշխանությունը չպետք է կանգ առնի և պետք է շարունակի սկսածը: Եթե սկսեն բողոքներից վախենալ և բարեփոխումը դադարեցնեն, ապա մարդկանց հույսը, թե Գյումրիում ինչ-որ բան կփոխվի, հնարավոր է` մարի: Կարծում եմ՝ մի փոքր կբողոքեն, բայց կհասկանան, որ այդպես ճիշտ է»,- մեկնաբանեց Վահան Թումասյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է նախանցած շաբաթ:









































