Աշխարհի խոշորագույն օպերաներից մեկը՝ «Մետրոպոլիտեն օպերան» բացվել է 1883թ. հոկտեմբերի 22-ին՝ Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայով:
Հիմնադրման առաջին տարիներին օպերան հիմնականում նախապատվությունը տալիս էր Վագների օպերաներին, իսկ թատրոնի գերմանական թատերախումբը ղեկավարում էր դիրիժոր Լեոպոլդ Դամրոշը:
Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։
Գեղարվեստական ղեկավարը Ջեյմս Լայնն է, գլխավոր տնօրենը՝ Պիտեր Գելբը։ Օպերան ստեղծվել է Metropolitan Opera House company բաժնետիրական ընկերության միջոցներով։
«Մետրոպոլիտեն օպերան» ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումներն ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների։
Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին։ Երգացանկում հիմնականում դասական գործեր են՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շարլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։









































